Չորս հոգի դիմակավորված մտել են տուն, ծեծել ամուսիններին. Ոստիկանությունը բացահայտել է ավազակային հարձակումը


Չորս հոգի դիմակավորված մտել են տուն, ծեծել ամուսիններին. Ոստիկանությունը բացահայտել է ավազակային հարձակումը
Դեկտեմբեր 29 19:24 2018

Դեկտեմբերի 26-ի երեկոյան Վայոց ձորի Գետափ գյուղում ավազակային հարձակում էր կատարվել: Տուժողներն ամուսիններ էին: Չորս հոգի դիմակավորված մտել էին տուն, ծեծել նրանց, կապել ննջարանում, դանակի ու ատրճանակի սպառնալիքի տակ տնից հափշտակել կես միլիոն դրամ, խմիչքներ, համակարգիչ, բջջային հեռախոս ու պլանշետ:

Կատարվածի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկացան կեսգիշերն անց` օպերատիվ կառավարման կենտրոնից:

Րոպեներ անց օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր: Հարձակման հետևանքներն ակնհայտ էին: Տունն ամբողջությամբ տակնուվրա էին արել: Իրավապահները ուսումնասիրեցին դեպքի վայրը, տուժողներից հաղորդում վերցրին:

Որոնողական աշխատանքների ընթացքում, տնից ոչ հեռու, քրեական հետախույզները դիմակներ հայտնաբերեցին, ավել ուշ` նաև գողոնը:

Համապատասխան միջոցառումներից հետո, քրեական հետախույզները դեկտեմբերի, ժամը 6.30-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Եղեգնաձորի Միկոյան փողոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման ենթարկեցին նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված, Լոռու մարզի բնակիչներ Արեն Սարգսյանին և Բագրատ Ասոյանին:

Կասկածյալները ձերբակալված են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: