«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
Հարգելի՛ գործընկերներ,
Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ հերթական անգամ բարձրացնելով կաթի շուկայում տիրող անարդարության հարցը։
Խոսքը մասնավորապես այն մասին է, որ տարեցտարի թանկանում է խոտի տուկը, կոմբիկերը, հովիվների ծառայությունը, կովկիթի ծառայությունը, անձնակազմի աշխատավարձը և ամենագլխավորը՝ կաթի, մածունի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի, պանրի, թանի մանրածախ գները առևտրի կետերում, մթերվող կաթի գինը շարունակաբար անկում է ապրում: Կաթ վերամշակող ձեռնարկությունները միանձնյա որոշում ու ընդունում են կաթի մեծածախ մթերման գինը:
Վերջին մեկ տարվա ընթացքում կաթի գինը խիստ անկում է ապրել՝ 200 ՀՀ դրամից հասնելով 120-ի։ Եվ սա այն պայմաններում, որ 1 լիտր կաթն առևտրի կետերում 400-440 դրամով է վաճառվում:
Կաթի մթերման գների նման անկման պայմաններում հնարավոր չէ աճ ապահովել, և ֆերմերները միակ ելքը տեսնում են անասնագլխաքանակի կրճատման այլ ոչ թե ավելացման մեջ: Քանի որ ֆերմերների միակ եկամուտը կաթի մթերումից ստացվող գումարն է, վերջիններս չեն կարողանում կաթի մթերման ցածր գների պայմաններում ոտքի կանգնել, և դա առաջ է բերում դժգոհության ու ընդվզման մեծ ալիք:
Այսպիսով՝ առաջարկել եմ ուսումնասիրություն իրականացնել կաթի շուկայում՝ պարզելու համար գերիշխող դիրքի չարաշահման և հատկապես հակամրցակցային համաձայնագրերի կնքման ու այլ ապօրինությունների դեպքերը, որոնց հետևանքով կաթի մթերման գինը շարունակ անկում է ապրում՝ կաթնամթերքի մանրածախ գնի շարունակական աճի պայմաններում։