Նոր իշխանությունները եկել են եւ սկսել են տուրքերի բարձրացումից եւ շեշտը դրել են, մեր գնահատմամբ փոքր ու միջին ընկերությունների վրա: Փոքր ու միջին բիզնեսի համար տուրքերը պետք է բարձրացվեին: «Լույս» խմբակցությունը դեմ է քվեարկելու տուրքերի բարձրացման այս նախագծին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում, տեղական տուրքերը բարձրացնելու հարցի քննարկման ժամանակ նշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Դրանից առաջ մեզ ասում էիք՝ ինչո՞ւ առաջարկներ չեք ներկայացրել, տեսեք մենք ներկայացրել ենք: Բա ձեր մտքով չէր անցե՞լ այդ առաջարկը ներկայացնել այն ժամանակ, երբ նախագիծը հանձնաժողով չէր հասել: Ասում եք՝ մենք ներսում ընդդիմություն ունենք: Բա ձեր ներսի ընդդիմությունն այդ կետերը չէր տեսե՞լ: Փոփոխությունները ներկայացնել ավագանու նիստի օրը եւ ասել՝ վերանայեք ձեր դիրքորոշումը, որովհետեւ մենք արդեն որոշակի փոփոխություն ենք արել:Այն, ինչ դուք եք առաջարկում, կիսալուծումներ են»,-հայտարարեց Խաժակյանը:
Քաղաքապետը նշեց, որ բոլորն էլ գիտենք, թե բենզալցակայաններն ու գազալցակայաններն ինչպես են աշխատում;
«Յուրաքանչյուր հայի երազանքն է ունենալ բենզալցակայան կամ գազալցակայան: Ինձ նույնկերպ համոզել են, որ այս թվերը չեն ազդելու, բայց քանի որ ես ողջ կյանքում սիրում եմ կրկնակ ու եռակի ստուգել, եւ միշտ սիրում եմ ունենալ պահեստային, բուֆերային զոնա, ես առաջարկեցի, որ այնուամենայնիվ, եկեք շեմը դնենք փոքր ու միջին բիզնեսի համար»,-ասաց նա: