Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պարզվում է, որ համացանցում տարածված ցուցակը ամերիկացի ավետարանական հովիվ Ջոել Թենիի այս բաց նամակից է վերցված:
Այս ցուցակը բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհայտ կորած անձանց ցուցակն է, որը Թենիին են փոխանցել նրանց հարազատները: Անհայտ կորած մեր այս հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ տարբեր հարազատներ ունեն ապացույցներ, ըստ որոնց՝ ոմանք կարող են գերության մեջ լինել Ադրբեջանում: եվ այդ ապացույցները նրանք ներկայացրել են ՀՀ պետական լիազոր մարմիններին:
Ուստի, կարևոր է, որ պետական մարմինները պատշաճ կերպով զբաղվեն նաև այս անհայտ կորածների ճակատագրերի պարզմամբ՝ հիմք ընդունելով նաև եղած ապացույցները: Յուրաքանչյուր գերի պետք է վերադարձվի, իսկ անհայտ կորածի ճակատագիր՝ պարզվի:
Միևնույն ժամանակ կարևոր է հստակեցնել, որ գերիների հաստատված ցանկն այլ է, որը ես երեկ հրապարակեցի՝ շփոթից խուսափելու համար: Բայց դա չի նշանակում, որ իրականում ավելի շատ գերի չի կարող լինել Ադրբեջանում, և շուրջ 80 նման հայի վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ կան, սակայն Ադրբեջանը չի հաստատում նրանց գերեվարումը»: