Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է․ ՀՔԾ-ն ստացել է պատասխանը


Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է․ ՀՔԾ-ն ստացել է պատասխանը
Դեկտեմբեր 25 13:20 2018

Հատուկ քննչական ծառայությունն օրեր առաջ ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով  մեղադրյալ,  2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ 

Նշենք, որ Միքայել Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրված սահմանադրական կարգը տապալելու համար։

Հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ստուգում է տեղեկատվությունը, թե ինչպես է «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Միքայել Հարությունյանը 2002 թվականից հանդիսացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։

Օգոստոսի 31-ին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում անելով անանուն աղբյուրին, հաղորդել էր, որ Ռուսաստանը մերժել է հայկական կողմին հանձնել հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին։ Ըստ «Ինտերֆաքս»-ի, ռուսական կողմը նշել էր, որ 2002-ից Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ ՌԴ Սահմանադրությամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելու պարագայում:

Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն իր տարածքում դադարեցրել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։