Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:
Բողոքի ձայն են բարձրացնում Գյումրիում տեղակայված ռուսական բազայում ոչ կանոնադրական հարաբերությունների, ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնալիք դարձած ռազմաբազայի դեմ: Ցուցարարները հայտարարություն հնչեցրին՝ նշելով, որ ռուսական բազան սպառնալիք է դարձել Հայաստանի ինքնիշխանությանն ու քաղաքացիների անվտանգությանը:
Ակցիայի մասնակիցներից Նարինե Մկրտչյանը նշեց, որ սպասեցին, Ռուսաստանի դեսպանությունից ոչ ոք չիջավ: «Մեզ առաջարկվեց այն արկղը գցել: Սա խոսում է նաև այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ չէ լսել Հայաստանի քաղաքացիների պահանջները, և Մոսկվան վստահ է, որ Հայաստանի քաղաքացիների հետ կարող է վարվել այնպես, ինչպես Կալինինգրադի մարզի քաղաքացիների հետ: Հայաստանը չի եղել եւ չի դառնա Կալինինգրադի մարզ, մենք անկախ պետություն ենք»:
Մկրտչյանի խոսքով, ցավոք, նոր իշխանությունը շարունակում է նախկին իշխանությունների քաղաքականությունը, որի վկան ԵՏՄ անդամակցության չվերանայումն է, Ռուսաստանի հետ անհավասար հարաբերություններն են, ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը, Լավրովի պլանը, Ռուսաստանից ու Բելառուսից եկող սարսափազդու հայտարարությունները Հայաստանի ղեկավարության հասցեին: Մենք չենք մոռանում, որ Ռուսաստանը զինում է մեր հակառակորդ Ադրբեջանին, նշեց Մկրտչյանը: