Իրականում մեծ ծավալի աշխատանք է կատարված, ցանցի ներդրման համակարգը ամփոփված է, և եթե ոչ ամենադանդաղ, ապա գոնե միջին օպտիմալ արագությամբ աշխատեն, միջինը մեկ տարում կարելի է ներդնել տրանսպորտային ցանցը: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի` Երևանի տրանսպորտի արդիականացման հետաձգման մասին հայտարարությանը:
Պիպոյանը խորհուրդ տվեց հանրային դաշտում արված հայտարարությունները, որոնք քաղաքապետարանի կայքում հրապարակվել են և տեսանյութերով էլ կան, նայեն և տեսնեն, որ ուղևորահոսքի հաշվարկը ակտուալ է, միջազգային խորհրդատուն հաշվետվությունն արդեն տվել է, որ կետային հաշվարկ արել է, և ցանցը կիրառելի է, չնայած որ Հայկ Մարությանն ասում է, որ կետային հաշվարկի պատասխան սպասում են փետրվարին:
«Միջազգային խորհրդատուին 850 հազար եվրո պետք է տրամադրվեր, որից 600 հազարը տրամադրվել է, և 250 000-ը պետք է նոր իշխանությունները տրամադրեին: Այդ փողը չի կարող կորել, իրեն լավ չեն բացատրել համակարգը, եթե աշխատանքային խմբին մի անգամ հրավիրեր, կարող էր հասկանալ, եթե համադրելի չէ, այդ 600 հազարը հետ քաշեք, ինչո՞ւ եք նոր գումար տալիս, որ ասեն՝ համադրելի՞ է, թե՞ համադրելի չէ: Եթե կիրառելի չի, փողերը հետ ուզեք: Այս մարդը, ում մեշոկով փող են տվել, ասել է, որ սա կիրառելի է, ընդամենը պետք է կարդալ, չալարել ու կարդալ: Կետային ուսումնասիրություն արել է, և միջազգային խորհրդատուն ասել է, որ այս ցանցը կիրառելի է, ավելին, շեղում էլ լինի, ցանցը 60-65 տոկոս ծանրաբեռնվածություն ունի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը նշել էր, որ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն երկու տարի ժամանակ է պետք, քանի որ դեռևս նախորդ քաղաքային իշխանությունների կառավարման տարիներին բրիտանական ընկերությունը Երևանի նոր տրանսպորտային ցանցի նախագծում էր իրականացրել, որը դեռևս վերջնական տեսքի բերված չէ: Ավելին, Հայկ Մարությանը նաև չէր բացառել, որ քաղաքապետարանը կարող է հրաժարվել բրիտանական կազմակերպության ուսումնասիրությունից, որը պատվիրել էին նախորդ իշխանությունները: