Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել 4 երեխայի ու բախվել մեքենաներին (լուսանկարներ)


Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել 4 երեխայի ու բախվել մեքենաներին (լուսանկարներ)
Դեկտեմբեր 23 22:51 2018

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին,ժամը 17:00-ի սահմաններում, Երևանում վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել: Երևանի բնակիչ Ա. Գ.ն իր վարած Mercedes մակնիշի  ավտոմեքենայով Իսրայելյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա Մ.Հ.-ին, 13-ամյա Ա.Չ.-ին, 15-ամյա Հ.Մ.-ին և 13-ամյա Ա.Ն.-ին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթից հետո Mercedes-ը բախվել է կայանված վիճակում գտնվող մեկ այլ Mercedes մակնիշի և Nissan մակնիշի  ավտոմեքենաներին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է  շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկված երեխաներին տեղափոխել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Հիվանդանոցից հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, նրանցից 3-ը կարճ ժամանակ անց դուրս կգրվեն հիվանդոնցից, իսկ 1-ն էլ ստացել է սրունքի կոտրվածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր ու ավտոմեքենայի ուղղությունը իր առջև հայտնված երեխաների դիմացից չթեքեր այլ ուղղությամբ, ապա երեխաները ավելի լուրջ վնասվածքներ կստանային: «Վարորդը երեխաներից փախցրեց ավտոմեքենան ու բախվեց կայանված ավտոմեքենաներին»:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Գասոյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչությունում, որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ: Ոստիկանությունը պարզում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: