Էջմիածնում Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիները մտադիր են երկուշաբթի բողոքի ակցիա անցկացնել Երեւանում՝ արդարադատության նախարարության դիմաց։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ակցիայի ժամանակ հայտարարեց ցուցարարներից մեկը։
«Ո՞նց կարելի է բաց թողնել բանակից գողացող մարդուն։ Պարո´ն Զեյնալյան, Հայաստանի Հանրապետությունում իրավիճակ է փոխվել, ու էս մարդկանց միջոցով է իրավիճակ փոխվել, հանկարծ մեկդ չփորձի ոտնահարել մարդկանց իրավունքները»,- ասաց նա։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելը սաբոտաժ է նախկին իշխանությունների կողմից. «Մանվել Գրգորյանի գործողությունները բոլորն են տեսել, որ տարիներ շարունակ բերել են զոհերի եւ վտանգների։ Բոլորը գիտեն, թե ինչ քայլերի է ընդունակ Մանվել Գրիգորյանը, եթե մնա ազատության մեջ։ Սրբազան քաղաք Էջմիածնում մանվելական բաշիբոզուկները եւ մանվելական բանդիտական խունտան տեղ չունեն»։
Ցուցարարները այժմ երթ են անում քաղաքում։ Նրանք վանկարկում են՝ «Մանվելին ասում ենք՝ ոչ»։ Երթն ուղեկցում են ոստիկանության աշխատակիցները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: