Ավարտվել է «Սրբազան պայքար»-ի ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով քրվարույթի նախաքննությունը


Ավարտվել է «Սրբազան պայքար»-ի ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով քրվարույթի նախաքննությունը
Օգոստոս 7 11:36 2025

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը:

Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

17 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

18 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: