Գերմանիայի Վեստիֆալ շրջանի ամբողջ ճանապարհը ողողվել է 15 000 լիտր կաթով: Ցուրտ եղանակի պատճառով կաթը սառել է ու վերածվել սառույցի հաստ շերտի: Պարզվել է, որ անհայտ անձինք դիտմամբ բացել են կաթնատար հսկա մեքենայի փականը, ինչի պատճառով էլ կաթն սկսել է հոսել գետնին ու պատել է ճանապարհը:
Կաթնատարի վարորդը չի նկատել, թե ինչպես են չարագործները մոտեցել մեքենային, քանի որ տեղի ֆերմերների հետ զբաղված է եղել կաթի մթերմամբ, իսկ երբ վերադարձել է մեքենայի մոտ, տեսել է, որ մինչ այդ մթերված ամբողջ կաթը թափվել է: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, արտակարգ ծառայությունների 20-ից ավելի աշխատակիցներ, որոնք ճանապարհը մաքրել են տաք ջրով ու աղով:
Կորուստն, ըստ նախնական հաշվարկների, 10 000 եվրոյից ավելի է կազմում: Ոստիկանները որոնում են մեքենայի փականը բացած չարամիտներին: