ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ չի ստացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը մերժելու վերաբերյալ: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Դատարանի որոշումը դեռ չենք ստացել,ստանալուց հետո կքննարկվի, որոշում կկայացվի»,- ասաց Արևիկ խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ: