Շունը փրկել է երեխային


Շունը փրկել է երեխային
Դեկտեմբեր 15 14:33 2018

Հայտնի փաստ է, որ մարդու և շան միջև անտեսանելի կապ կա։ Կարո՞ղ է արդյոք շունը փրկել մարդու կյանքը։ Իհարկե, կարող է։ Եվ նման պատմությունները բազմաթիվ են։ Իսկ կարո՞ղ է շունը տաքացնել մարդուն և փրկել ցրտից։ Պարզվում է, որ կարող է։

Այսօր մի սարսափելի և հերոսական պատմություն ենք ներկայացնում, որը տեղի է ունեցել Ալթայի երկրամասում անցյալ հունվարին։ Վաղ առավոտյան սիբիրյան գյուղերից մեկի բնակիչները տներից մեկի մոտակայքում ձյան մեջ պառկած շուն են հայտնաբերել։ Նա գրեթե ամբողջովին ծածկված էր ձյունով և միայն մեջքն էր երևում։

Դրսում սառնամանիք էր։ Կենդանին չէր շարժվում, և մարդիկ որոշեցին ստուգել, թե արդյոք նա շնչում է։ Պարզվեց, որ նա ողջ է։ Սակայն երբ շունը կանգնեց թաթերի վրա, մարդիկ քարացան զարմանքից։ Կենդանու տակ երկու–երեք տարեկան մի երեխա էր պառկած:Պարզվում է, որ երեխայի մայրը երկու օր առաջ որոշել էր պատժել իր փոքրիկ տղային և տնից դուրս էր հանել գիշերով, սառնամանիքին։ Գիշերը ոչ ոք չէր կարող լսել երեխայի լացը, ոչ ոք՝ բացի շնից։ Շունն էլ հենց դարձել է նրա պահապան հրեշտակը

Շունը պարզապես եկել և ծածկել էր փոքրիկին իր մարմնով։ Այսպես նրանք երկու օր են անցկացրել։

Տղային անմիջապես հիվանդանոց են տեղափոխում, բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում։ Եվ այս ամենը՝ շնորհիվ շան։

Ի դեպ, այդ կնոջը, որին դժվար է «մայր» անվանելը, գտել են միայն չորս օր հետո։ Թե որտեղ է նա եղել, պարզ չէ։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

Չորքոտանի բարեկամը հիմա նոր անուն ունի՝ Հերոս։ Տեղի բնակիչները համարում են, որ տղայի և շան միջև հիմա աստվածային կապ է առաջացել, որը ոչ մի դեպքում չի կարելի խզել։