Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են սուպերմարկետներից խմիչքներ գողացողին (տեսանյութ)


Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են սուպերմարկետներից խմիչքներ գողացողին (տեսանյութ)
Դեկտեմբեր 11 19:50 2018

Վերջին օրերին ոստիկանության Էրեբունու բաժին տարբեր սուպերմարկետներից թանկարժեք կոնյակների գողության վերաբերյալ ահազանգեր էին ստացվում։

Ինքնությունը չպարզված մի տղամարդ գնումների նպատակով մտնում էր սուպերմարկետներ և հարմար առիթի սպասելով՝ գողություն կատարում։ 

Էրեբունու քրեական հետախույզները տեսագրությունների ուսումնասիրության, ինչպես և ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերներին կողմնորոշումներ ուղարկելու արդյունքում՝ պարզեցին տեսագրությունում երևացող անձի ինքնությունը։ Կապանում հաշվառված Ռուդիկ Բաբայանին Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ 

55-ամյա Բաբայանն իրավապահներին հայտնել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սուպերմարկետներից գողացել է տարբեր տեսակի 17 շիշ թանկարժեք խմիչք։
Վնասի չափն ու դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։