Գյումրիում փողոցի մաքրուհու սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող: Այս մասին Factor.am-ին փոխանցեցին գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում դաժան ծեծի էր ենթարկվել 57-ամյա մի կին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Ծեծված կինը Գյումրու Աճեմյան 26 հասցեի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանն է: Նա որպես աշխատակից գրանցված է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնում և իրականացնում է փողոցի մաքրման աշխատանքներ: Տեղեկացանք նաև, որ այս գործին կցվել են ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի առանձնատունը հսկող տեսախցիկներից որոշ կադրեր: Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կադրերում երևում է, թե ինչպես է կինը հանգիստ քայլում, երբ նրան է մոտենում երիտասարդը: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ այդ կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդը հուժկու հարվածներ հասցնում հատկապես կնոջ դեմքին:
Հայկ Վարդանյան