Թեժ իրավիճակ. ուսուցչուհուն մեղադրում են ԼԳՏԲ քարոզչություն իրականացնելու մեջ. իրարամերժ կարծիքներ


Թեժ իրավիճակ. ուսուցչուհուն մեղադրում են ԼԳՏԲ քարոզչություն իրականացնելու մեջ. իրարամերժ կարծիքներ
Դեկտեմբեր 9 10:08 2018

Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում շարունակում է անառողջ մթնոլորտ տիրել:

Այս անգամ խնդիրը ծնողի և ուսուցչի միջև է: Տնօրեն Էլեոնորա Թումանյանին  աջակցող և  չաջակցող ուսուցիչների միջև միջանձնային պայքար է գնում և դրանից տուժում են երեխաները: 

Դպրոցի աշակերտներից մեկի ծնող, բժիշկ թերապևտ Լամարա Մանուկյանը ArmDay.am-ին հայտնեց, որ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մայա Հովհաննիսյանը XI դասարանի աշակերտներին կոչ է արել մասնակցել ԼԳՏԲ համայնքի աջակցության ակցիային, որի ժամանակ իր որդին դեմ է արտահայտվել:

«Ես անընդունելի եմ համարում նման հանգամանքը, հաշվի առնելով այն, որ դեռահաս տարիքում երեխաների մոտ սեռական կողմնորոշման մասին պատկերացումը հստակ ձևավորված չէ: Երբ երեխաս հակառակ կարծիք է արտահայտել, ուսուցչուհին ասել է, որ նրանք էլ  են մարդ և դրանում ոչ մի  վատ բան չկա: Ես որպես ծնող անհանգստացած եմ, քանի որ իմ տղան նրա մտքերը նույնությամբ արտահայտում էր որպես նորմալ երևույթ, ինչի վրա ես չէի կարող աչք փակել»,-ասաց Լամարա  Մանուկյանը: 

Նրա խոսքով՝ ուսուցչուհին նաև դաժանաբար ծաղրել է աշակերտներին,  վիրավորել և անգամ ֆիզիկական բռնություն կիրառել, ավելորդ քաշ ունեցողներին խոստացել է նրանց փորից բռնցքամարտի տանձիկ սարքել, աղջիկներին փչացած  է անվանում:

«Ես գիտեմ, թե նա իչպես է մատանու քարը շրջել և հարվածել տղայիս, իսկ մատանու քարը սառը զենք է համարվում: Ես այս փաստն ապացուցող ձայնագրություններ ունեմ: Դրանք բոլորը փոխանցվել են ոստիկանությանը»,- ասաց Մանուկյանը:

Լամարա Մանուկյանը նաև ահազանգում է, որ  Մայա Հովհաննիսյանը կաշառակեր է և բարձր գնահատականների համար  գումար է պահանջում.  Օրինակ՝ 8 գնահատականը ուսուցչուհին 80 հազար դրամ է գնահատել, 9-ը՝ 90.000 և այլն:

«Ես օրվա մեջ բազմաթիվ հիվանդների եմ տեսսոմ և տեսնում եմ, որ  այդ կինը հոգեկան շեղում ունի, նրան մասնագետի օգնություն է պետք: Տնօրենը գուցե սխալներ ունի, բայց ուսմասվարը նրա դեմ թիմ է հավաքել, որի մեջ նաև Մայա Հովհաննիսյանն է»,-շեշտեց  բժիշկ Մանուկյանը:

ArmDay.am-ը կապ հաստատեց նաև ուսուցչուհու՝ Մայա Հովհաննիսյանի հետ, ով վերը  թվարկվածը անմտություն համարեց և դիտավորություն համարեց իր դեմ մեղադրանքները:

Տիկին Հովհաննիսյանը անդրադարձավ իր դեմ մեղադրանքներին,մասնավորապես այն հարցին, թե ինչու է նա հորդորել մասնակցել միասեռականների հավաքին:

«Աշակերտները հարցադրում արեցին այդ թեմայով,իսկ ես պատասխանեցի, որ ճիշտ այն է, որն Աստված է ստեղծել, այսինքն՝ հարաբերություններ երկու սեռերի միջև, և հորդորեցի չլսել ու չհետաքրքրվել նման բաներով»,-ասաց նա:

Ուսուցչուհին անդրադառնալով աշակերտներին հարվածելու և ծաղրելու թեմային՝ ասաց,որ այս դարում նման բան  անել անհնար է, քանի որ շատ դեպքերում աշակերտներն ավելի դաժան կարող են պատասխանել:

«Ես հասկանում եմ, որտեղից է գալիս այս ամենը: Լամարա Մանուկյանը տնօրենի ընտանեկան բժիշկն է և սատարում է նրան, իսկ նրանք, ովքեր դեմ են դուրս գալիս  Էլեոնորա Թումանյանին,ով  բազմաթիվ խարդախություններ է արել և, հավանաբար, շուտով հրաժեշտ կտա նաև իր ազատ կյանքին, փորձում են սևացնել: Տնօրենն ինքն է ասել, որ իրավիճակներ կստեղծի, այնպիսի պամտություններ կսարքի իր դեմ դուրս եկածների գլխին, որ դիմում կտան, կազատվեն: Հիմա հերթը ինձ է հասել: Ես զարանում եմ՝ինչպե՞ս կարելի է առանց ապացույցների  նման բաներ խոսել: Այդ պատճառով ես հայտնվել եմ ոստիկանությունում, սակայն պիտի նշեմ, որ ես ևս ապացույցներ ունեմ, որից պարզ է դառնում, որ Լամարա Մանուկյանը երեխաներին ստիպել է ասել այն, ինչը ինքը ապացույց է համարում»,-ասաց նա: 

Մայա Հովհաննիսյանը նշեց, որ արդեն 29 տարի աշխատում է դպրոցում և դա, նրա խոսքով՝ ինչ-որ բան նշանակում է:

«Ես չեմ կարող, մի դասարանում լինել հրեշ, մյուսներում ունենալ հարգանք, պատիվ: Անցած ուսումնական տարում տիկին Լամարան երեք ամիս իր տղային բերում էր ինձ մոտ և ասում, որ միայն ես կարող եմ նրա վրա ազդել, և որ նա միայն իմ խոսքն է հարգում: Ուզում էին, որ երեխային հայոց լեզվից առաջ գցեմ: Ասում էր՝ երեխան հոգեբանական խնդիրներ ունի, ամբողջ օրը փակվում է սենյակում»,-ասաց նա: