Shamshyan.com-ը գրում է. դեկտեմբերի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի վերջնամասում՝ ժողովրդին հայտնի Քանդված կամրջի հարևանությամբ գործող «Հայաթ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում, հատակին հայտնաբերվել է կնոջ դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկում հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Անժելա Ի.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինը մահացել է ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքից։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Միքայել Այվազյանի գլխավորությամբ։
Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ժամը 04։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվում, որ «աջ արմնկային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Ն.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել նշված հյուրանոցային համալիրից։ Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրում հայտնաբերել են «ԱԿՍ» տեսակի 5.45 մմ տրամաչափի հրազեն, 4 հատ կրակված և 1 հատ չկրակված պարկուճ և 2 հատ դանակ, որոնցից մեկը՝ խոհանոցային։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին հարկի մի քանի սենյակներում՝ թե հատակին, թե պատերին, արնանման հետքեր էին, իսկ այն սենյակում, որտեղ հայտնաբերվել է դին, պատերին առկա էր կրակոցի հետքեր։
Մանրամասները՝ այստեղ: