Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 39 կմ հատվածում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայողներից մեկի՝ բեռնատարի վարորդ, հրազդանցի 20-ամյա Էդգար Արմենի Հունանյանի ծնողները NEWS.am-ին մանրամասներ պատմեցին դեպքի մասին:
Էդգարի մայրը՝ Սուսաննա Ստեփանյանը պատմեց, որ հայրը օրեր առաջ եղել է դեպքի վայրում, խոսել որդու սպաների, անձնակազմի հետ: Մայրը չի ընդունում, որ ավտովթարը կարող է որդու մեղավորությամբ տեղի ունեցած լինել՝ պնդելով, որ ի սկզբանե մեքենան անսարք է եղել, որի մասին տղան անընդհատ բարձրաձայնել է:
«Հայրը եղել է դեպքի վայրում, սպայական կազմը ցույց է տվել տարածքը, տվել մեկնաբանությունը, եւ ներկայացրել, որ տղաս հստակ տիրապետել է եւ՛ իրավիճակին, եւ՛ իր մասնագիտությանը: Իրեն եղել է խանգարող մեքենա, որը ո՛չ մի դրվագում, ո՛չ մի վերլուծության եւ նյութերի մեջ չի շոշափվում: Մենք շատ լավ գիտենք, թե ով է եղել այդ վարորդը: Առայժմ ազատության մեջ է:
Այո’, այն մարդը, ով որ ստեղծեց այս խոչընդոտը երթեւեկության մեջ, ով իմ երեխայի կառավարելի ղեկը սարքեց անկառավարելի: Էդգարիս կողքին եղել է սպա, ով որ նստում է իրավիճակը կարգավորելու համար: Ինձ արդեն լուր է հասնում, որ այդ սպան հրահանգ ասեմ, ուղղորդում ասեմ, ինստրուկտաժ են անում, որ ներկայացնեն՝ իբրեւ Էդգարն է եղել մեղավորը, չի կարողացել ինտերվալ պահել, բայց մինչ այդ եւ՛ փոխնախարարը. եւ՛ սպայական անձնակազմը Էդգարի գլխով-արեւով երդվելով, մեզ հավաստիացնում են, որ Էդգարի մեղքը չկա»,-պատմեց տիկին Սուսաննան՝ հավելելով, որ Էդգարը եւ’ հմուտ վարոդ էր, եւ’ մեխանիկ, բազմակողմանի մասնագետ:
Մայրը պատմեց, որ սպաների խոսքով, Էդգարը հնարավորություն ուներ՝ թռչել մեքենայից ու փրկվել, սակայն չի արել, վերջին ճիգերն է գործադրել դիմացից գնացող մեքենայի հետ բախումից խուսափելու եւ զինակից ընկերներին փրկելու համար:
Էդգարի հայրը՝ Արմեն Հունանյանն էլ պատմեց, որ սպաներն իրեն ասել են, որ դիմացից «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա էր բարձրանում, որն էլ ստեղծել է վթարային եւ խուճապային իրավիճակ: Տեղից էլ մեքենան անսարք է եղել, եւ ավտովթարն անխուսափելի է դարձել:
«Սպայական անձնակազմն ինձ ասաց, որ իրենց չաստին չպատկանող «Ուրալ» մեքենան առաջին գծով բարձրանալիս է եղել, հետեւներից խցկվել է մի հատ «Օպել» մեքենա, որ շարասյան մեջ իրավունք չունի մտնել, էնտեղ կտրուկ շրջադարձ կա: Նկատել են, որ «Ուրալը» կանգնեց, եթե կանգնեց, ինքն իներցիայով է քշում: Հետո սկսել է հետ գալ: Էդգարը որ նկատել է, որ հետ է գալիս, հասկացել է, որ «Օպելը» կճզմվի երկուսի արանքում, մեր տղան հետ-հետ է եկել: Այդ դեպքում ամբողջ ծանրությունն ընկնում է հետեւի բորտի վրա: Ինքը շատ լավ վարորդ էր, տե՞նց բարձրունքներ էր հաղթահարել: Պակռիշկա էլ չի եղել տակը:
Սպաներն ասում են, ամեն ջանք գործադրել է բախումից խուսափելու համար, թեքվել է հետեւի ակով դեպի ձորի կողմը, խփել է ինչ-որ քարի ու քարը պահել ա, որ ինքը շուռ գա ձորի մեջ: Եթե չլիներ, ինքը սղղալով գնալու էր ինչ-որ բանի դեմ տար կանգներ: Էդքանից հետո «Օպել»-ն ընկել է դիմացի ճանապարհի մայթին ու «Ուրալը» հետ գալով՝ մեքենայի տեղով իջել է հակառակ կողմում փոսի մեջ ու կանգնել:
Մեզ վրդովեցնում է այն փաստը, որ «Ուրալի» մասին ոչ մի տեղ ոչ մի խոսք չկա: «Ուրալի» վարորդը մեղավոր է, խոչընդոտ է հանդիսացել վթարը կայանալու մեջ: Նա հիմա ազատության մեջ է, ոչ անունն են տալիս, ոչ ասում են, ով է մեղավոր եղել: Փորձում են ողջ մեղավորությունը բարդել Էդգարիս վրա: Եթե մեքենան սարքին լիներ՝ արգելակները սարքին լինեին, կարող ա՞ իմ երեխան չկարողանար տորմուզ տար, կանգներ, չգլորվեր-չընկներ ձորը»,-ասաց հայրը՝ շարունակելով, որ մեքենան բեռնատար էր, նախատաեսված չի եղել զինվոր տեղափոխելու համար:
Հոր խոսքով՝ այդ անսարք մեքենայով երկու տարի շարունակ մի քանի ամիսը մեկ որդին գնացել է Ջաբրաիլ, Կուբաթլու: Չի տրտնջացել, չի բողոքել, ճանապարհին շատ լավ ծանոթ էր:
Էդգարի ծնողներին նաեւ վրդովեցնում է այն հանգամանքը, որ աշխատանքից ազատել են այն մարդկանց, որոնք, ծնողների կարծիքով, անմեղ են եւ այդ ողջ ընթացքում իրենց տղայի հետ միասին նորոգել եւ վերանորոգել են մեքենան:
«Աշխատանքից ազատել են էն մարդուն, ով էդտեղ ոչ գրանցված աշխատող է, ոչ պատասխանատվություն ունի, ուղղակի երեք ամսով եկել է, ոչ հրաման ունի, ոչ աշխատավարձ: Էնտեղ պատժել են էնպիսի սպայի, ով իմ երեխային հավասար էդ մեքենայի տակ տանջվել է տարիներ շարունակ՝ Շիրազի մասին է խոսքը: Էն մյուսներին էլ չգիտեմ: Հիմնականը, ինչու չեն սկսում կորպուսի հրամանատարից. չէ՞ որ յուրաքանչյուր կառույց ունի իր ղեկավարը՝ Փարվանյան Տիգրանով սկսեք: Բա Փարվանյան Տիգրան, դու չգիտեի՞ր, որ անսարք էր: Էդտեղ ավտո չի եղել՝ մասերն ուղարկել ենք՝ յուղից, պարբրիսից, սկսած, խեղճ հայրը էստեղից թելադրում էր, տղաս Շիրազի հետ սարքում էին: Հիմա ստացվում է, որ պատասխանատվություն պիտի կրեն նրանք, ովքեր թույլ օղակ են, թիկունք չունեն: Բայց չեմ լռելու, փորձեն հանկարծ Էդգարիս հիշատակի մազի ծայրն անգամ շեղեն»,-ասացին ծնողները՝ հավելելով, որ իրենց կորուստն անդառնալի է,պարզապես կոչ են անում ղեկավարությանը կանխել նման դեպքերը բանակում:
«Մենք միմիայն ուզում ենք ուրիշ ընտանիքների փրկած լինենք: Թող ոչ մի ընտանիք մեր էս սուգը չտեսնի: Մեր միակ մխիթարանքն էն կլինի, որ կանխեք նման դեպքերը, Էնքան բթացած չենք, որ ասենք, իրենք լրիվ ճիշտ են ու անմեղ: Վեց ամիս իրենք կառավարությունում են, ոչ մի անգամ չեն այցելե՞լ էդ զորամաս: Ո՞վ գիտի դրանք քանի անգամ են դուրս գրել մեքենաներ առ ու ծախ արել: Նրանք սրբություն չեն ճանաչել: Եթե իրենք իմանային երեխան ինչ բան է, իմ երեխան այսօր այս օրին չէր լինի», ասացին զինծառայողի ծնողները, ում քսան տարին օրեր առաջ էր լրացել:
Ծնողներն Էդգարի հետ դեպքից երկու օր առաջ էին խոսել: Ասել էր, որ այս անգամ չի ուզում գնալ Ջաբրաիլ՝ միայն այն պատճառով, որ զիվորներ պիտի տեղափոխի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում