Օպերատիվ աշխատանք և բացահայտում․ հրազենը նետածը կամավոր ներկայացել է բաժին (տեսանյութ)


Օպերատիվ աշխատանք և բացահայտում․ հրազենը նետածը կամավոր ներկայացել է բաժին (տեսանյութ)
Դեկտեմբեր 1 23:05 2018

 

Դիմապակին ու կողային ապակիներից մի քանիսը կոտրված, մետաղե մահակն էլ հետևի ձախ լուսարձակի մեջ խրված <<Մերսեդեսը>> ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները նկատել են նոյեմբերի 28-ին՝ ժամը 15-ի սահմաններում,Սևան-Մարտունի ճանապարհի 56-րդ կիլոմետրին՝ Երանոս գյուղի հատվածում։ 
Ոստիկաններն, արագ կողմնորոշվելով, կանգնեցրել են կասկածելի վնասվածքներով մեքենան։ Նրանց տեսնելով՝ վարորդն իջել է <<Մերսեդեսից>> ու փախել՝ նետելով ատրճանակը։ Ուղևորին ոստիկանները բռնել ու բերման են ենթարկել բաժին։ 
Ատրճանակն առգրավվել է։ Պարզվել է, որ <<Վալտեր>> տեսակի է։ Հրազենի փամփշտակալում երեք չկրակված փամփուշտ է եղել։ Տեղում իրականացվել են անհետաձգելի հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ 
Ոստիկանության փորձաքրեագետների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել է տարածքը, նաև մշակվել են ապացուցողական նշանակություն ունեցող իրերը։ Քրեական հետախույզները պարզեցին փախուստի դիմած անձի ինքնությունը և որոնողական միջոցառումներին զուգահեռ բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում՝ նոյեմբերի 30-ին փախուստի դիմած 33-ամյա Արտյոմ Անտոնյանը ներկայացավ ոստիկանություն։ 
Տեղեկացնենք, որ կասկածելի վնասվածքներով <<Մերսեդեսի>> հայտնաբերման օրը՝ նոյեմբերի 28-ին, հրազենային վնասվածքներով Գեղարքունիքի մարզից Երևանի տարբեր բժշկական կենտրոններ էին տեղափոխվել Նորատուսում ապրող երկու եղբայր։ 
Ձեռնարկվում են ծավալուն հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ երկու դեպքերի միջև հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։ 
Կատարվում է նախաքննություն։