Այսօր մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց, իբր, տարաձայնություններ կան իմ եւ ուժային կառույցների ներկա եւ նախկին որոշ հրամանատարների միջեւ. հավաստիացնում եմ, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական, Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Արցախյան ազատամարտում փառավոր կենսագրություն կերտած եւ պետականաշինության ոլորտում իրենց ծառայությունը շարունակող այդ անհատների հետ մարտական ուղի եմ անցել: Իսկ այսօր Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նրանց հետ միասնաբար շարունակում ենք մեր համեստ ներդրումն ունենալ Արցախի շենացման, պաշտպանունակության եւ զարգացման գործում՝ միավորելով մեր ջանքերը ի նպաստ միասնական Հայրենիքի հզորացման:
Անընդունելի եմ համարում պառակտիչ նպատակով արվող նմանօրինակ ցանկացած շահարկում, որը թե ՛ Արցախի ներքաղաքական դաշտում, թե ՛ երկու հայկական հանրապետությունների իշխանությունների միջեւ սեպ խրելու նպատակ է հետապնդում, եւ հորդորում տուրք չտալ անհիմն խոսակցություններին:
Ուղղակի անիմաստ է»: