«Սանիթեք» ընկերությունն արձագանքել է ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ Ֆեյսբուքում արված գրառմանը:
Ինչպես տեղեկացրին «Սանիթեք» ընկերության տնօրինությունից, հայտարարության մեջ ասվում է.
«Սանիթեք» ընկերությունն ապաքաղաքական կառույց է և որևէ քաղաքական ուժի օգտին երբեք չի մասնակցել և չի մասնակցելու քաղաքական արշավների:
Ի հավելումն, «Սանիթեքը» հավաստիացնում է, որ պաստառը չի փակցվել ընկերության աշխատակիցի կողմից, այլ արվել է այլ անձանց կողմից, երբ մեքենան կայանված է եղել։
Այդ դեպքի հետ կապված հարուցվել է ծառայողական քննություն ընկերության տվյալ տարածքի աշխատակիցների նկատմամբ: Այնուհանդերձ համապատասխան հրահանգ է տրվել, որ նմանատիպ բոլոր իրավիճակներում շատ արագ հեռացվեն բոլոր պաստառները կամ թռուցիկները, որոնք վերաբերում են նախընտրական քարոզարշավին:
Հայցում ենք բոլորի ներողամտությունը տեղի ունեցած միջադեպի առանչությամբ»:
Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում լուսանկար էր հրապարակել, որտեղ երեւում էր, որ «Սանիթեք»-ի մեքենայի վրա փակցված է Իմ քայլը դաշինքի թեկնածուի նախընտրական պաստառը: Լուսանկարին կից Աշոտյանը գրել էր.« Վարչական ռեսուրսի օգտագործման ևս մեկ օրինակ: Իշխանական թեկնածուի քարոզչական պաստառները ՍԱՆԻՏԵԿԻ մեքենաների վրա: Երևան: Ավան: Այսօր»: