Այն պայմանները, որում մարզվում են մեր երեխաները, մեղմ ասած, ընդունելի չեն. փոխքաղաքապետն այցելել է Ազարյանի անվան մարզադպրոց


Այն պայմանները, որում մարզվում են մեր երեխաները, մեղմ ասած, ընդունելի չեն. փոխքաղաքապետն այցելել է Ազարյանի անվան մարզադպրոց
Նոյեմբեր 29 16:11 2018

Երևանի քաղաքապետի տեղակալ  Տիգրան Վիրաբյանն այցելել է «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ: Ինչպես  տեղեկացրի Երևանի քաղաքապետարաի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Ազարյանի ուղեկցությամբ Տիգրան Վիրաբյանը շրջել է մարզական օջախում, ծանոթացել գործունեությանն ու մարզիկների և մարզիչների համար ստեղծված պայմաններին: 54 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել: Այսօր ավելի քան 300 մարզիկ է հաճախում դպրոց: 

«Խնդիրները բազմազան են, բազմաշերտ են, երկար տարիների կուտակված խնդիրներ են, որոնք մենք հիմա պիտի կարողանանք փուլ առ փուլ, ըստ առաջնահերթությունների լուծում տալ: Մենք էլ ենք գիտակցում, որ այս սպորտաձևը շատ կարևոր է, և այն պայմանները, որում այսօր մարզվում են մեր երեխաները, մեղմ ասած, ընդունելի չեն»,- նկատել է Տիգրան Վիրաբյանը:  

Փոխքաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն առանձնակի է կարևորում 20-րդ դարի լավագույն հայ մարզիկի խորհուրդներն ու առաջարկները:

«Առաջին մարզական հաստատությունն է, որ այցելում ենք և բնական է, որ առաջինը պետք է լինեինք հենց այս մարզադպրոցում: Մենակ այն պատմությունը, որ կերտել է Ալբերտ Ազարյանը հայկական սպորտում, մեզ տեղիք է տալիս մտածելու, որ ցանկացած աշխատանք ճիշտ ուղու վրա դնելու համար պիտի լսենք նրա  խորհուրդներն ու հետևենք օրինակին»,- ասել է փոխքաղաքապետը:

«Մարզադպրոցի հանդեպ ցուցաբերվող ուշադրությունը ոգևորիչ է ու սպասված»,- իր հերթին նշել է Ալբերտ Ազարյանն ու նկատել, որ խնդիրներն այսօր իսկապես մտահոգվելու տեղիք են տալիս: 

Չնայած դպրոցում առկա բազմաթիվ խնդիրներին՝ մարզական օջախն այսօր էլ շարունակում է աշխարհում բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը. պարբերաբար դպրոցի սաները մրցանակներ են նվաճում  միջազգային ամենաբարձր հարթակներում: 2019-ին լրանում է լեգենդար մարզիկի 90-ամյակը: Երևանի քաղաքապետի տեղակալն ակնկալում է, որ հոբելյանական տարում Ազարյանի անվան դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան:

«Այն մարդիկ, որոնք հայաստանյան մարզական, մշակութային և մյուս այլ ասպարեզներում ունեն իրենց ուրույն դերակատարումը, պետք է լինեն ուշադրության կենտրոնում: Սա նաև քաղաքապետի հստակ պահանջն ու հանձնարարականն է»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը: