Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը այսօր տեղի ունեցած կառավարության նիստում ներկայացրեց նախագիծ, ըստ որի,ընդունվեց որոշում 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին։
Ըստ որոշման՝ զորակոչն իրականացվելու է այս տարվա դեկտեմբերից մինչ 2019-ի հունվար՝ այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ինչ վերաբերում է զորացրմանը, ապա, ըստ որոշման, մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն ԶՈՒ-ի շարքերից։
«Հաշվի առնելով նախընտրական, հետընտրական պրոցեսները՝ բոլոր պաշտոնյաներին խնդրում եմ ազնվորեն վերաբերվել իրենց պաշտոնեական պարտականությունների կատարմանը», - դիմելով գործընկերներին՝ ասաց Դավիթ Տոնոյանը։ Արարատ Միրզոյանը ևս հույս հայըտնեց,որ բոլոր պաշտոնյաները հենց այդպես էլ հետայսու վարվելու են։