«Աշխարհում նկատվում է հեպատիտ Ց-ի համաճարակ»


«Աշխարհում նկատվում է հեպատիտ Ց-ի համաճարակ»
Նոյեմբեր 27 18:16 2018

Բոլոր նախադրյալները կան պնդելու, որ մենք մյուս տարի սկսելու ենք վիրուսային հեպատիտ Ց հիվանդության բուժման ազգային ծրագիր՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։ 

 

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը․

 

«Սկզբնական շրջանում ծրագրում կընդգրկվեն մոտ 1000 պացիենտ, իսկ հետագայում ծրագիրը կընդլայնվի։

 

Դրան զուգահեռ, շուտով կառավարություն կներկայացվի որոշման նախագիծ, որը պարտադիր է դարձնելու տարեկան պարբերական զննումների ժամանակ հեպատիտ Ց-ի ստուգումը, ինչը թույլ կտա վաղ հայտնաբերել այն և բուժել։

 

Նաև քննարկվում է հեպատիտ Ց-ի հայտնաբերման այլ լայնածավալ միջոոցառումների անցկացումը, որպես օրինակ՝ բժշկական օգնության դիմած ցանկացած քաղաքացու մոտ այն ստուգելը, որպեսզի հայտնաբերենք և բուժենք գրեթե բոլորին՝ ունենալով հեպատիտ Ց-ից զերծ բնակչություն։

 

Տեղեկացնեմ, որ ներկայումս աշխարհում նկատվում է հեպատիտ Ց-ի համաճարակ, որը բերում է լյարդի ցիրոզի և նորագոյացությունների առաջացման։ Տարբեր գնահատականներով դրանով վարակված են երկրագնդի ազգաբնակչության մոտ 4%-ը։ Այժմ մենք ուսումնասիրություն ենք կատարում, որպեսզի պարզենք այս հիվանդության տարածվածությունը Հայաստանում»,- գրել է նա։