Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են, աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները. ոստիկանության պարզաբանումը


Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են, աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները. ոստիկանության պարզաբանումը
Նոյեմբեր 17 18:57 2018

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանն այն մասին, թե անհրաժեշտ չէ լինել քրեական իրավունքի մասնագետ, որ առաջին հայացքից պարզ դառնա, որ ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ:
 
Ոստիկանության պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վերջին օրերին համացանցում շրջանառվում է 1in.am լրատվականի կայքի «Նոր թալանչիներ՝ քրեական օլիգարխիայի գիշատիչների փոխարեն. հեղափոխության պարադոքսը» վերտառությամբ հոդվածը, որում հոդվածագիրը հանցավորության աճի պատճառը տեսնում է նոր իշխանությունների ֆունկցիոնալ անպատրաստության և ոստիկանության ոչ արդյունավետ գործունեության մեջ: 

Նման գնահատական է տվել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը: 

Ինչպես հայտնի է, հանցավորությունը սոցիալական երևույթ է, մեծապես կախված երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական զարգացումներից, ունի խորը արմատներ, և դրա դինամիկայում ու կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները պայմանավորել վերջին 6 ամիսների զարգացումներով, մեղմ ասած, պրոֆեսիոնալ չէ:

Հանցավորության վիճակի մասին պատկերացում կազմելու համար խորհուրդ կտայինք վերլուծության ենթարկել հանցավորության շարժընթացը՝ կառուցվածքի հետ համատեղ:
Այսպես. 2018թ. 9 ամիսների ընթացքում արձանագրված հանցագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը նվազել է մոտ 3,5%-ով (2017թ.՝ 25,9%, 2018թ.՝ 22,5%):

Ընդ որում, նվազում է արձանագրվել սպանության (58-52), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (840-760), այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու (148-141) և այլ հիմնական հանցատեսակներով:

Որոշակի նվազում է արձանագրվել նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (17,3%-ից 16,4%): 

Այս ամենի հետ մեկտեղ, նկատելիորեն աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների (39,2%-ից 41,8%) և պետական իշխանության, պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները (14,2%-ից 15,6%):

Ակներև է, որ 2018թ. 9 ամիսներին արձանագրված հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է գույքի հափշտակությունների և առավել լատենտային համարվող՝ պաշտոնեական հանցագործությունների թվի կտրուկ ավելացմամբ: Ընդ որում, ավելի քան 5 անգամ աճել են պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերի, ավելի քան 2 անգամ՝ յուրացման կամ վատնման, ինչպես նաև անձնական գույքի գողության և խարդախության դեպքերի հայտնաբերման ցուցանիշները:

Հիշեցման կարգով նշենք, որ քրեաբանության մեջ լատենտային են համարվում այն հանցագործությունները, որոնք մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ դուրս են մնում հաշվառումից, իսկ դրանց հայտնաբերումն իրավապահ մարմինների համար համարվում է առավել բարդ: Հետևաբար, վիճակագրական տվյալներում դրանց աճն ամենևին բացասական ցուցանիշ դիտարկել չի կարելի, քանզի այն արտացոլում է ոչ թե իրավապահ մարմինների անգործությունը, այլ հակառակը՝ վերջիններիս արդյունավետ և նախաձեռնողական աշխատանքը: 

Այսինքն՝ արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կտրուկ աճը ոչ թե խոսում է ներկայումս հանրապետությունում կոռուպցիայի ծավալների ավելացման կամ ամենաթողության, այլ այդ արատավոր երևույթի նկատմամբ անհանդուրժողական պայքարի մասին:
Միաժամանակ, հարկ է նշել, որ ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունը զգալի ջանքեր է գործադրել նաև նախկին տարիներին կատարված և հաշվետու ժամանակահատվածում ի հայտ բերված հանցագործությունների հաշվառման և անհրաժեշտ օպերատիվ-քննչական միջոցառումների իրականացման ուղղությամբ, որոնցից շատերն ուղղված են եղել սեփականության դեմ (տարատեսակ խարդախություններ, գողություններ, յուրացումներ և այլն): 

Դրա մասին է վկայում քաղաքացիների կողմից հանցագործությունների մասին ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդումների աննախադեպ աճը. եթե 2018թ. 1-ին եռամսյակում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում ստացվել է 33.735 հաղորդում, ապա 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում դրանց թիվն աճել է, համապատասխանաբար, 12.578-ով կամ 37,3%-ով և 8.726-ով կամ 18,8%-ով: Այս փաստը, ինքնին, վկայում է նաև քաղաքացիների կողմից իրավապահ համակարգի նկատմամբ վստահության աճի մասին: Ներկայումս քաղաքացիները ոչ միայն չեն խուսափում դիմել իրավապահ մարմիններին, այլև հաճախակի հայտնում են նախկին տարիներին կատարված և հաշվառումից դուրս մնացած իրավախախտումների մասին՝ վստահ լինելով, որ դրանք կարձանագրվեն, կբացահայտվեն, իսկ կատարողները անխուսափելիորեն կենթարկվեն պատասխանատվության: 
Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ ոստիկանությունն արձանագրում է, որ հանցագործությունների աճը համահունչ է գրեթե բոլոր զարգացած երկրներում արձանագրված միտումներին և ներկա փուլում լիովին տեղավորվում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումների տրամաբանության մեջ, իսկ օպերատիվ իրավիճակը լիովին վերահսկվում էՀՀ ոստիկանության կողմից»: