Հայաստանյան զորամասում նշվել է Հետախույզի օրը


Հայաստանյան զորամասում նշվել է Հետախույզի օրը
Նոյեմբեր 10 16:45 2018

Նոյեմբերի 10-ին ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում նշվել է Հետախույզի օրը։ Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան սպաներ, հետախուզության վետերաններ, զինծառայողների հարազատներ, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: 

Ողջունելով և շնորհավորելով հետախույզներին մասնագիտական տոնի առթիվ` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմական հետախուզության դերն ու նշանակությունը թե Արցախյան հերոսամարտի օրերին, թե ժամանակակից մարտի վարման պայմաններում: 

«Վաղ ազդարարման համակարգի եզակի առաքելություն, հրամանատարությանը և մյուս զորատեսակներին ճշգրիտ տեղեկություններ ոչ միայն հակառակորդի ուժերի, միջոցների ու  դրանց տեղաբաշխման, այլև մտադրությունների ու պլանների մասին, պատժիչ կամ կանխարգելիչ գործողություններ հակառակորդի թիկունքում՝ այսպիսի անելիքներ ունի հետախույզը: Վերջին տարիները հայկական բանակի համար առանձնանում են մեծ ծավալներով ժամանակակից, նորարարական լուծումներով հագեցած և բարձր տեխնոլոգիական սպառազինության համալրմամբ: Բնական է, որ նման միջոցները առաջին հերթին հատկացվում են հետախուզական ստորաբաժանումներին: Եվ հպարտության մեծ առիթ է, որ այդ միջոցներից շատերը մշակվել կամ արտադրվել են Հայաստանում»,-ընդգծել է Դավիթ Տոնոյանը: 

Միջոցառման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին է հանձնել հետախուզության վարչության ռազմադրոշը:

 
 

Տարբեր զորամասերի մի խումբ հետախույզներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, խրախուսվել շնորհակալագրերով, պատվոգրերով և նվերներով։