Ում ուզում են բռնեն, ես հրաժարական տվողը չեմ. Ազատամուտի համայնքապետը որդու կալանավորման մասին


Ում ուզում են բռնեն, ես հրաժարական տվողը չեմ. Ազատամուտի  համայնքապետը որդու կալանավորման մասին
Նոյեմբեր 10 15:30 2018

Oրեր առաջ Տավուշի մարզի Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի որդին կալանավորվել է:

Ազատամուտցիները շարունակում են պահանջել գյուղապետի հրաժարականը: ArmDay.am-ի հետ զրույցում  Ազատամուտի դպրոցի տնօրենը հայտնել էր, որ վախի մթնոլորտ  է տիրում գյուղում. «Գյուղապետի տղան սպառնում է մորթել բոլորին, հարսը՝ վառել դպոցի տնօրենին, թոռները՝ դանակահարել երեխաներին»,-ասել էր տնօրենը:

Դեպքերի զարգացման  հետ կապված մեկնաբանություն ստանալու համար  կապ հաստատեցինք Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հետ, ով ևս մեկ անգամ նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

«Ես մեր համայնքը սարքել եմ համայնք, որը հետ վարժված էր, ժողովրդին էլ լավ եմ նայել: Ինձ մարդիկ լավ են  վերաբերվում, մենակ մի-երկու տուն կա,բարեկամներ են իրար, նրանք են իմ դեմ դուրս եկել, արդեն 10 տարի, քանի որ մի քանի անգամ թեկնածություն են դրել ու չեն ընտրվել»,-ասաց նա:

Համայնքապետի խոսքով՝ անտառապետ Աշոտ Երիցյանը փողով, փայտով ապահովել է մի խումբ մարդկանց, ովքեր էլ դուրս են եկել նրա  դեմ ու ցույց են անում:

«Մենք մարդկանց ոչ թե սպառնացող, այլ սովորեցնող ենք, թե ոնց ապրել: Հիմա ո՞վ է ումից վախենում, ի՞նչ սպառնալիք ի՛նչ  բան: Ես 24  տարվա մանկավարժ եմ եղել, Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություն եմ դատել, ես էնքան հայ -հույ եմ տեսել, էնքան հղկված մարդ եմ, որ ոչ մեկին սպառնալիք չեմ տա, նույնն  էլ ՝ իմ ընտանիքը: Եկեք իմ օջախ, ու տեսեք, թե ինչքան դաստիարակված են իմ երեխաները»,-ասաց համայնքապետը:

Այն հարցին, թե որդու կալանավորումը կարո՞ղ է ազդել, որ նա  հրաժարական տա, Մարտիրոսյանը պատասխանեց:

«Ում ուզում են բռնեն, ես հրաժարակն տվողը չեմ: Իմ տղին անհիմն, բռնի ձևով տարել նստացրել են: Մենք սահմանի բերանում ենք, վաղը իմ տղերքը սահմանապահ պտի լինեն: Չկարծեք, թե իմ երեխան է, դրա համար եմ պաշտպանում, եթե նա սխալ լինի, չեմ կարող պաշտպանել, բայց իմ որդին մաքուր, դաստիարակված, գերազանց սովորած  մարդ է»-շեշտեց նա:

Ազատամուտի համայնքապետը չնայած իր որդու կալանավորումը անհիմն ու անօրինական համարեց, սակայն, նրա կարծքիով՝ այսօրվա իշխանությունները ամեն ինչ անում են, որ արդարություն լինի:

«Ես իշխանության կողմն եմ, նա  իրա արդարությունն անում է: Ես կառավարության մի փոքր մասնիկն եմ, նրանք  ոնց աշխատում են, մենք նրանց ծրագրով ենք շարժվում, որ պետությունն ամրացնենք, ոչ թե քանդենք: Այն ժամանակ ՀՀԿ-ն էր հիմա էլ սա է, ի՞նչ տարբերություն, թե ինչ կուսակցություն է: Հիմա, որ ստեղ 60 տոկոսը նախկին իշխանության կողմնակից էին, ի՞նչ անեն, գնա՞ն գյուղից»,-խոսքը եզրափակեց Ժորա Մարտիրոսյանը: