Տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը նոր Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից է. Ս. Պապիկյանի ուղերձը՝ տեղական ինքնակառավարման 22-ամյակի առթիվ


Տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը նոր Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից է. Ս. Պապիկյանի ուղերձը՝ տեղական ինքնակառավարման 22-ամյակի առթիվ
Նոյեմբեր 10 12:58 2018

Տեղական ինքնակառավարման համակարգի լիարժեք ձևավորումն ու կայացումը նոր Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից մեկն է: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այս մասին ասել է տեղական ինքնակառավարման 22-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձում:

«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի 22-ամյակի կապակցությամբ։

Տեղական ինքնակառավարման համակարգի լիարժեք ձևավորումն ու կայացումը հանդիսանում է նոր Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից մեկը, քանզի հենց համայնքներն են հանդիսանում յուրաքանչյուր պետության ժողովրդավարության հիմնասյունն ու քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրականացման առաջնային օղակը։ 

Տեղական ինքնակառավարումը, հանդիսանալով բնակչությանն ու նրա հոգսերին ամենամոտ կանգնած ինստիտուտը, իրական հնարավորություն է ստեղծում իշխանության և քաղաքացիների միջև հետադարձ կապի, ինչպես նաև հանրային իշխանությունների կողմից որոշումների կայացման գործընթացում բնակչության և քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցության համար՝ ապահովելով երկրի կայուն, հաջորդական, էվոլյուցիոն զարգացումը։

Այս տոնական օրը ցանկանում եմ երախտագիտության խոսքեր հղել համայնքների բոլոր ղեկավարներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցներին և ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող քաղաքացիական ու հասարակական միավորումների ներկայացուցիչներին իրենց պատասխանատու, նվիրված և սրտացավ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ և պտղաբեր աշխատանք՝ ի բարօրություն մեր համայնքների զարգացման ու շենացման»,-ասված է ուղերձում։