Ոստիկանների շնորհիվ կանխվեց վեճի հնարավոր ողբերգական հանգուցալուծումը. Ծառի տակից հրազեն են գտել


Ոստիկանների շնորհիվ կանխվեց վեճի հնարավոր ողբերգական հանգուցալուծումը. Ծառի տակից հրազեն են գտել
Նոյեմբեր 3 18:00 2018

Ոստիկանության Կենտրոնական բաժին նոյեմբերի 2-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է։

Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 1-ին գումարտակի ոստիկանները, Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզներն ու Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել չորս անձի՝ կանխելով վիճաբանության հնարավոր ողբերգական հետեւանքները։

Դեպքի վայրի զննությամբ եղեւնու տակ հայտնաբերվել է հրազեն, որն առգրավվել է։ Ատրճանակի օրինականությունը ճշտվում է:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ են ստացել ատրճանակի տիրոջ ինքնության վերաբերյալ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։