Նա յուրօրինակ նշաձող էր սահմանել հայկական սպորտում. Գագիկ Ծառուկյանը ցավակցել է


Նա յուրօրինակ նշաձող էր սահմանել հայկական սպորտում. Գագիկ Ծառուկյանը ցավակցել է
Նոյեմբեր 3 16:12 2018

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

Ցավով տեղեկացա հայկական ծանրամարտի լեգենդի` աշխարհահռչակ մարզիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Յուրի Վարդանյանի անցած փառահեղ մարզական ուղին օրինակ է ծառայել հազարավոր երիտասարդ մարզիկների համար, ովքեր իրենց գործունեության ընթացքում ընդօրինակել են լեգենդար մարզիկի փորձն ու ձգտել նմանվել նրան: Նա յուրօրինակ նշաձող էր սահմանել հայկական սպորտում և դարձել անպարտելիության ու սպոտային բարձունքների նվաճման անգերազանցելի էտալոն: Տասնամյակներ շարունակ Յուրի Վարդանյանի հաղթանակները աննկարագրելի հպարտության և հիացմունքի զգացողություններ են պարգևել համայն հայությանը: 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, հայ մարզաշխարհի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հայ մեծանուն ծանրամարտիկի՝ Յուրի Վարդանյանի հարազատներին, ընկերներին և բոլոր մերձավորներին, կիսում նրանց անդառնալի կորսի վիշտը և իմ անվերապահ զորակցությունը հայտնում նրանց: Հավե՛րժ հիշատակ: