Այսօր՝ նոյեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Էդգար Շախիկյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի 03 NN 050 համարանիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, հայտնում է shamshyan.com-ը:
Վրաերթի ենթարկվածը, ով մոտ 15 մետր շպրտվել է, տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ոստիկանություն:
Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:










