Այսօր Բաղրամյան 26-ում կայացած ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
ArmDay.am-ը նախարարի հետ կրթական ոլորտի և մրցանակաբաշխության հետ կապված հարցազրույցը ներկայացնում է ստորև.
-Պարո՛ն նախարար, ի՞նչ կասեք նոր սերնդի կրթական մակարդակի մասին:
-Լավ սերունդ ունենք և պետությունը պետք է առավելագույնս անի, որպեսզի նրանց համար հնարավորություններ սստեղծի ինքնադրսևորվելու համար:
Պատահական չէ, որ Կրթության և գիտության նոր ղեկավարության հիմնական սկզբունքը, որ դրված է մեր գործունեության հիմքում, այն է, որ կրթությունը հասանելի լինի բոլորին: Մեր ուսանողների, աշակերտների հետ շփվելիս մեծագույն հաճույք եմ ստանում: Նրանցից շատ բան կարելի է սովորել: Դա ֆիքսել եմ դեռ այն ժամանակ, երբ սկսեցի համալսարանում դասավանդել:
-Որքա՞ն հաճախ եք շփվում ուսանողների, աշակերտների հետ:
-Հիմա առիթը բաց չեմ թողնում նրանց հետ շփվելու, քանի որ այն խնդիրները, որոնք կան բուհերւմ ու դպրոցներում, նրանք են ամենաշատը առնչվում և, երբեմն, նաև լավ լուծումներ են առաջարկում:
-Որքանո՞վ են կարևոր այսպիսի մրցանակաբաշխությունները:
-Մրցանակաբաշխությունը շատ կարևոր է, արդեն ավանդական, հայտնի ու սիրված է դառնում: Շատ կարևոր է, որ դրան մասնակցում են ոլորտի հայտնի մասնագետներ, տվյալ դեպքում՝ Սինոփսիսի ղեկավար Հովիկ Մուսայելյանը:
-Ի՞նչ կտա այս մրցանակաբաշխությունը հաղթողներին:
-Փուլ է, որ աշակերտներն ու ուսանողները ամփոփում են: Բոլոր նրանք, ովքեր այստեղ են, նշանակում է իրենց համար նախանշված փուլը հաջողությամբ են անցել և մի իրադարձություն, որից հետո նրանք պետք է իրենց համար նոր նպատակներ դնեն և փորձեն հասնել դրան: Կարևոր է նրանով, որ ոլորտի հայտնի ընկերությունները նկատում են մասնակիցներին ,ուսումնասիրում են աշխատանքները և կարող են հրավիրել նաև աշխատանքի:
-Մտավախություն չունե՞ք, որ այս սերունդն էլ կփորձի ուսում ստանալ արտերկրում և կնախընտրի մնալ այնտեղ, որի արդյունում մենք կկորցնենք խելացի ու գրագետ շատ մասնագետների:
-Ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձոությունները լավ նախադրյալներ են ստեղծել նրա համար, որպեսզի մեր ուսանողները, թեկուզ դրսում, լավ ուսում ստանալուց հետո վերադառնան Հայաստան, իսկ Կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որեսզի հայտնի ընկերությունները հիմնարկություներ բացեն Հայաստանում, ունենան իրենց մասնաճյուղերը: Դա խթան կլինի, որպեսզի մեր ուսանողները դրսում սովորելուց հետո վերադառնան Հայաստան և իրենց գիտելիքի համապատասխան սկսեն վարձատրվել և իրենց հայրենիքում լինել: Դու կարող ես դրսում լավ ուսում ստանալ, լավ բուհում սովորել լավ վարձատրվել, բայց այն հանգստությունն ու վստահությունը, որ դու ունես քո սեփական երկրում, որևէ այլ երկրում չես գտնի: