Հարուցվել է քրեական գործ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 27-ամյա քաղաքացու դանակահարության դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է


Հարուցվել է քրեական գործ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 27-ամյա քաղաքացու դանակահարության դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է
Հոկտեմբեր 5 17:35 2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացու դանակահարության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2018թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոնգոյի Դեմոկրատական  Հանրապետության քաղաքացի՝ ծնված 1991 թվականին՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դեպքի առթիվ նույն օրը՝ 2018թ. հոկտեմբերի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Վերջինս ձերբակալվել է՝ 27-ամյա երիտասարդին դանակահարելու կասկածանքով:


Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: