Հայ-ճապոնական երաժշտական երեկոն նվիրվեց Հայաստանի անկախության տոնին


Հայ-ճապոնական երաժշտական երեկոն նվիրվեց Հայաստանի անկախության տոնին
Սեպտեմբեր 13 22:21 2018

Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ հանրապետական և միջազգային բազմաթիվ երաժշտական մրցույթների դափնեկիրներ Անահիտ Դիլբարյանը, Էդուարդ Ներսիսյանը և Մերի Խոջայանը երաժշտասեր հասարակությանը ներկայացրեցին հայ և ճապոնական երաժշտության գոհարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`սեպտեմբերի 13-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած համերգին հնչեցին Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի և ճապոնացի կոմպոզիտորներ Հաջիմե Օկումուռայի, Ակիռա Իուկուբեի, Ակիո Յասիռոյի, Տակասի  Յոսիմացուի ստեղծագործությունները:

«Կարևորում եմ ինչպես ճապոնական մշակույթը հայ երիտասարդներին մատուցելը, այնպես էլ մերը ճապոնացիներին ներկայացնելը»,- նշեց երիտասարդ և խոստումնալից սաքսոֆոնահար Էդուարդ Ներսիսյանը:

Նա ասաց, որ բազմաթիվ ճապոնացի կոմպոզիտորներ հրաշալի ստեղծագործություններ են գրել սաքսոֆոնի համար: Երաժիշտը խոստովանեց, որ ճապոնական գործերում սաքսոֆոնը  հաճախ հնչում է այնպես, ինչպես ճապոնական սրինգը:

ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, դաշնակահար Անահիտ Դիլբարյանի խոսքով` միջոցառման նպատակը հայ-ճապոնական մշակութային հարաբերությունների կարևորությունն ընդգծելն ու դրանց զարգացմանը նպաստելն է: «Ավաղ, դեռ չեմ եղել Ճապոնիայում: Շատ կցանկանանք համագործակցել ճապոնացի երաժիշտների հետ, որպեսզի նրանք էլ հայկական գործեր նվագեն և համատեղ համերգ կազմակերպվի»,- ընդգծեց դաշնակահարը:

Նա շեշտեց, որ այս համերգային ծրագիրը կարևոր է նաև նրանով, որ Նիդերլանդներից իրենց է միացել սիրելի ընկեր, ջութակահարուհի Մերի Խոջայանը:

Հայ-ճապոնական մեղմ, բայցև զայրույթով, երբեմն բողոքով լի մեղեդիներն ունկնդրելու էին եկել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, մի շարք բարձրաստիճան հյուրեր և արվեստագետներ: