Եվ արդյոք քաղաքապետի հավակնորդ Հայկոյի թիմում չկա մեկը, որ ասի՝ քաղաքականությունը պարզունակ սիթքոմ չէ…


Եվ արդյոք քաղաքապետի հավակնորդ Հայկոյի թիմում չկա մեկը, որ ասի՝ քաղաքականությունը պարզունակ սիթքոմ չէ…
Սեպտեմբեր 3 11:34 2018

Քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. Տխրությամբ, ափսոսանքով, հետո նաև նստվածք թողնող հիասթափությամբ լսեցի, կարդացի, չհավատացի՝ դարձյալ լսեցի քաղաքապետի հավակնորդ Հայկոյի հետևյալ միտքը՝ «Կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ ․․․մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»։

Քաղաքական հարթակում եմ եղել Երվանդ Զախարյանի, Գագիկ Բեգլարյանի, Տարոն Մարգարյանի օրոք։ Երևանին առչվող խնդիրներով՝ գերակա շահի զոհեր, կանաչ տարածքների պահպանություն, հին Երևան, քաղաքաշինական ու մշակութային նորմեր, կցակառույցներ, Աբովյան փողոցի տաղավարների վերացում, Ծածկած շուկա և այլ խնդիրներով նրանց վարած քաղաքականության դեմ պայքարել եմ հանրապետության ամենաբարձր քաղաքական ամբիոնից, Երևանի քաղաքաշինական խնդիրներով հատուկ լսում եմ կազմակերպել ԱԺ-ում և հասել որոշակի արդյունքների։ Բնական է՝ շատերի ոտքն եմ տրորոել, բայց երբեք չեմ պիտակավորվել որպես սև կամ՝ սպիտակ։

 

Երբ Մաշտոցի պուրակի ակտիվիստներին բերման էին ենթակում ոստիկանության Կենտրոն բաժին, իմ ընկեր Վահան Հավհաննիսյանի հետ շտապում էինք նրանց այնտեղից հանելու ոչ թե որովհետև քաղաքական նույն գույնն էինք կիսում, այլ, որովհետև շատերի պես կանաչ Երևան էինք ուզում ու նաև պաշտպանում էինք բազմակարծությունը, բոլորի իրավունքը՝ անկախ քաղաքական կողմնորոշումից։

Երբ հրճվում ու էյֆորիկ երջանկությունից ուզում էի գրկել, համբուրել մայիսմեկյան Երևանի փողոցներով հորդացող սիրո հեղափոխության յուրաքաչյուր մասնակցի, մտածում էի՝ ինչ լավ ժամանակներ են գալիս՝ հանրային համախոհության, ազատ մտքի, ազատ խոսքի, ազատ գործարարության, ազատ շնչառության, թռիչքի, տեսակի, արժանապատվության․․․

Եվ արդյոք քաղաքապետի հավակնորդ Հայկոյի թիմում չկա մեկը, որ ասի՝ քաղաքականությունը պարզունակ սիթքոմ չէ՝ հերոսով և անտի հերոսով, որ ասի՝ ազգը հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանելու ժամանակներն անցել են՝ դառն ու կործանարար հետևանքներով, որ ասի՝ կարդա հազարն անցնող ավագանու ցանկերն ու տես՝ այնտեղ թուրքի, նույնն է թե մահվան աչքերի մեջ անթարթ նայած տղեք կան, մասնագիտական ու քաղաքացիական աննկարագրելի բեռ ունեցող մարդիք։

Եվ, ի վերջո, Հայաստանի երկու երրորդը կազմող Երևանի քաղաքապետի պաշտոնը խիստ քաղաքական պաշտոն է, ուր հավասարակշռությունը, հավասարատեսությունն ու անաչառությունը անփոխարինելի արժեքներ են։



loading...