74-ամյա տարեց կնոջը վրաերթի ենթարկած Ժորա Վարդանյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 2 տարի ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկմամբ և 150.000 ՀՀ դրամ տուգանքի, հայտնում է Փաստինֆո-ն։
26-ամյա Ժորա Վարդանյանը հանդիսանում է դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան, իսկ քրեական գործը քննել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ժորա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ին Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն 1943թ. ծնված Մարիա Գրիգորյանին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։
Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել էր:
Դեպքից ժամեր անց տեղեկություններ տարածվեցին, որ մեքենայի ղեկին գտնվել է 1992 թ. ծնված Ժորա Վարդանյանը, ով դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան է և «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին է։
Սակայն մարտի 11-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին էր ներկայացել մի քաղաքացի և հայտնել, թե վրաերթը կատարել է ինքը: Նույն օրը վերջինս ձերբակալվել էր: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ այդ քաղաքացու հայտնած տվյալներն ստուգվում են և քննություն է տարվում օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ։
Արդյունքում՝ մարտի 13-ին ձերբակալվեց ավտոմեքենայի իրական վարորդը, իսկ մյուս քաղաքացին ազատ էր արձակվել։
Նշենք, որ Ժորա Վարդանյանը մինչև դատաքննությունն սկսվելը միջնորդել է արագացված ընթացակարգով գործը քննել և հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում:
Դատախազը, ով մեղադրական եզրակացությունը հաստատելիս առարկել էր դրա արագացված ընթացակարգով գործը քննելու դեմ, դատարանում փոխել է իր դիրքորոշումը և չի առարկել:
Նշենք նաև, որ Ժորա Վարդանյանի պաշտպան Կարեն Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել պահանջով՝ բեկանել իր պաշտպանյալի վերաբերյալ դատավճիռը և որոշում կայացնել նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:










