Դիլիջանի ոլորաններում կողոպտել են Ֆրանսիայի եւ Ղազախստանի քաղաքացիներին. Հանցագործները եղել են ոչ սթափ վիճակում


Դիլիջանի ոլորաններում կողոպտել են Ֆրանսիայի եւ Ղազախստանի քաղաքացիներին. Հանցագործները եղել են ոչ սթափ վիճակում
Հուլիս 23 16:10 2018

Հուլիսի 21-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում մարդկանց են թալանել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Ժոակիմ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Դիլիջան գալու նպատակով ինքը եւ ընկեր, Ղազախստանի քաղաքացի 21-ամյա Արսեննի Ս.-ն, կանգնած են եղել Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի՝ Սեւանի թերակղզու խաչմերուկում:

Այդ ընթացքում առանց իրենց կանգնեցնելու, իրենց մոտ կանգնել է ռուսական համարանիշով մուգ կանաչ գույնի մեքենա, որի մեջ եղել են երեք անձ: Նրանք տեղեկանալով, որ ցանկանում են գնալ Դիլիջան, առաջարկել են առանց վճարի տեղափոխել: Ճանապարհին նրանց առաջարկով իրենց երեք պայուսակներից երկուսը դրել են բեռնախցիկի մեջ: Զգալով, որ մեքենան վարում են ոչ սթափ եւ անկանոն, խնդրել են կանգնել:

Իրենք իջել են ավտոմեքենայից, ցանկացել են բեռնախցիկից վերցնել պայուսակները, սակայն վերջիններս բացահայտ հափշտակելով պայուսակները, որոնց մեջ եղել է տեսախցիկ՝ հիշողության քարտով, օբյեկտիվ, երաժշտական ձայնարկիչ, նոութբուք, հագուստ եւ մեկ կարպետ, դիմել են փախուստի:

Հուլիսի 22-ին, ժամը 13.20-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը, նախնական համաձայնությամբ, կատարել են 28-ամյա Արա Մ.-ն եւ 26-ամյա Վիգեն Հ.-ն:

Արա Մ.-ն եւ Վիգեն Հ.-ն ձերբակալված են: Երրորդ անձի ինքնությունը պարզված է, ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Արա Մ.-ի «Դայվո Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: