Օդորակիչներն օգնում են դիմադրել շոգին։ Սակայն դրանք առողջությանը կարող են լուրջ վնասներ հասցնել։ Ռուսաստանի առողջապահության նախարարության մոսկովյան կլինիկաներից մեկի բժիշկ, «Մոսկովյան բժիշկ» կոչմանն արժանացած Օլգա Խրեբետովան ասել է, որ օդորակիչը կարող է դառնալ չոր հազի, կոկորդի, ականջի, վզի ցավերի պատճառ, հայտնում է “Российская газета”-ն։
«Երբ օդի սառը շերտն ուղղված է մարդու վրա, տեղի է ունենում ջերմաստիճանի ու խոնավության կտրուկ տատանում։ Իսկ սա առաջին հերթին շնչառական հիվանդությունների է հանգեցնում։ Այն անգամ թոքերի բորբոքման պատճառ կարող է դառնալ»,- նշում է մասնագետը։
Երբ օդորակիչները երկար ժամանակ միացած են մնում, սակայն սենյակ մաքուր օդ չի մտնում, օդի խոնավությունը նվազում է։ Իսկ սա բացասական ազդեցություն է ունենում լորձաթաղանթի, մաշկի վրա։
Երկար ժամանակ սենյակում նույն օդի պտտվելը կարող է նաեւ ալերգիաների հանգեցնել։ Այդ պատճառով խիստ անհրաժեշտ է պարբերաբար մաքրել օդորակիչների ֆիլտրերը։ Հակառակ դեպքում օդորակիչը կվերածվի բակտերիաների, ալերգենների ու սնկերի տարածման աղբյուրի։
Շատ հազվադեպ, սակայն հնարավոր երեւույթ է նաեւ ֆրեոնով թունավորումը։ Սակայն սա այն դեպքում է տեղի ունենում, երբ օդորակիչը խնդիր է ունենում, եւ ֆրեոնի արտահոսք է տեղի ունենում։ Նման թունավորման դեպքում նկատվում են գլխացավեր, սրտխառնոց, շնչառության դժվարություն։
Սակայն բժիշկները նաեւ հակառակ տեսակետն են պնդում։ Շոգը պակաս վտանգավոր չէ մարդկանց առողջության համար, եւ հաճախ օդորակիչները պարզապես անհրաժեշտ են։ Պետք չէ հրաժարվել օդորակիչներից, պարզապես պետք է մի քանի կարեւոր խորհրդի հետեւել։
Չի կարելի օդորակիչը դնել չափազանց ցածր ջերմաստիճանի։ Պետք է ջերմաստիճանների տարբերությունը 5-7 աստիճանը չգերազանցի։ Օրինակ, եթե դրսում 25 աստիճան է, օդորակիչը պետք է դնել 20 աստիճանի վրա։
Սառը օդի հոսքը չպետք է ուղղված լինի մարդկանց վրա։ Որպեսզի մարդիկ չհիվանդանան, պետք է ողջ տարածքում նույն ջերմաստիճանը լինի։ Եթե մի սենյակում կա օդորակիչ, մյուսում՝ ոչ, հաճախ օդափոխություններն ավելի վատ ազդեցություն կարող են թողնել։
Աղբյուր՝ Բուժ ինֆո










