Երկրաբաններն աղետալի երկրաշարժ են կանխատեսել ԱՄՆ-ում


Երկրաբաններն աղետալի երկրաշարժ են կանխատեսել ԱՄՆ-ում
Փետրվար 16 16:38 2017

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավում գտնվող Սանտա Բարբարա քաղաքի տակ առաջացած երկրաբանական ճեղքը կարող է հզոր երկրաշարժերի պատճառ դառնալ: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, ովքեր հրապարակել են իրենց երկրաֆիզիկական հետազոտությունը Geophysical Research Letters-ում. փոխանցում է Lenta.ru–ն:

«Վենտուրա» կոչվող ճեղքվածքը ձգվում է հարյուր կիլոմետր դեպի արևմուտք Սանտա Բարբարայից, իսկ դրա մի մասը Խաղաղ օվկիանոսի տակ է գտնվում: Մինչ 80-ականները երկրաբանները հավատում էին, որ դա ակտիվ ճեղքվածք չէ, սակայն նոր տվյալները ցույց են տվել, որ այն կարող է կործանարար երկրաշարժի հանգեցնել:

Գիտնականներն իրականացրել են համակարգչային մոդելավորում, որպեսզի որոշեն ճեղքվածքի ճշգրիտ ձևը, հաշվի առնելով նաև երկրաշերտերի տեկտոնիկան և տեղական սեյսմիկ ակտիվության վերաբերյալ տեղեկությունները:

Պարզվել է, որ Վենտուրան սանդուղք հիշեցնող մոդել ունի, և շատ ավելի մոտ է երկրի մակերեսին, քան նախկինում կարծում էին:

Սա նշանակում է, որ ճեղքը կարող է մինչև ութ մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերի պատճառ դառնալ, և քանի որ դրա մի մասն օվկիանոսում է, այն կարող է նաև ցունամիի հանգեցնել: