Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00–ի սահմաններում Սարալանջի պողոտայում Երևանի բնակիչ, 18-ամյա Ալեն Գևորգյանը իր վարած Mercedes E 320 մակնիշի 13 AL 133 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջված հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը վարորդին դուրս է բերել ավտոմեքենայից, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն, որից հետո վարորդը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց, պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում:










