Յուրաքանչյուր երկիր ունի իր մշակութային առանձնահատկությունները և մեթոդները` երիտասարդ սերնդին կրթելու հարցում:
Ճապոնիայում երեխաներին դաստիարակելու ավանդույթների արմատներն ընկած են խոր անցյալում: Լինելով Ճապոնիայում, առաջին բանը, որ կնակտեք այն է, որ այստեղ երեխաները գրեթե չեն արտասվում, ծնողներն էլ գրեթե չեն նախատում նրանց: Հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս:
Դեռ հնագույն ժամանկներից ճապոնուհիներին հնարավորություն չի ընձեռվել տարանջատել աշխատանքն ու մայրությունը: Դաշտում աշխատելու գնալիս նրանք երեխաներին կապում էին իրենց՝ հատուկ նախատեսված կտորով, և փոքրիկն ուղեկցում էր մայրիկին բոլոր տեղերում: Ընդ որում՝ աշխատանքի ընթացքում մայրիկն անպայման խոսում էր փոքրիկի հետ՝ պատմելով նրան իր կատարած յուրաքանչյուր քայլը, այդպիսով երեխան կյանքի ամեն վայրկյանում զգում էր մոր ներկայությունը: Նույնիսկ հաճախ լինում էր, որ երեխաները նախ սովորում էին խոսել, հետո նոր՝ քայլել:
Երեխային իր հետ ամեն տեղ տանելու և նրան ծնողի առօրյային մասնակից դարձնելու ավանդույթը պահպանվել է նաև մեր օրերում. ճապոնական հագուստի խանութներում կարելի է գտնել մեծ գրպաններով, երեխայի համար նախատեսված գոտիով հագուստների մեծ տեսականի, որից օգտվում են ճապոնացի բոլոր ծնողները:
Նաև պետք է նշել, որ մանկությունից երեխաների գիտակցության մեջ ներդրվում է՝ ուրիշներին չխանգարելու, իրեն հանգիստ պահելու, բոլորի նման քաղաքավարի լինելու սկզբունքները: Բացի այդ, ճապոնացիների մոտ ընդունված չէ էմոցիաներն արտահայտել բառերով, երեխաներն անգիր գիտեն՝ ինչպիսի արտահայտություն է ստանում մայրիկի կամ հայրիկի դեմքը, երբ իրենք ինչ-որ բան այնպես չեն անում:
Ժամանակակից ճապոնուհիները, երեխա ունենալով, կամ ընդհանրապես հեռանում են աշխատանքից, կամ թեթև աշխատանքային գրաֆիկով աշխատանքի անցնում, որպեսզի իրենց ժամանակի մեծ մասը նվիրեն երեխաներին:
Հաշվի առնելով վերոնշյալները, կարելի է եզրակացնել, որ ճապոնացի երեխաներն ավելի շատ ծնողական սեր, քնքշանք, հոգատարություն են ստանում, ինչն էլ ազդում է նրանց հետագա ինքնազգացողության վրա: Նաև նրանց զգացմունքներն արտահայտելու սովորությունների վրա ազդում են ազգային առանձնահատկությունները՝ երեխաներն այլ ճանապարհով են արտահայտում իրենց դժգոհությունը, եթե, իհարկե, զգում են այն: