«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
-Պարոն Սարգսյան, եթե հնարավորություն ունենայիք հետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք, ի՞նչն այլ կերպ կանեիք:
-Իմ պարագայում միանշանակ է՝ ամեն ինչ կանեի, որ հոկտեմբերի 27 տեղի չունենար: Այն մարդկանց, ովքեր փորձեցին այդ կերպ խնդիրներ լուծել, կփորձեի բացատրել, որ ճանապարհն այդպես չէ: Որ սեփական կյանքը, կամ սեփական կենսագրությունը, կամ սեփական ապագան հարթելու այլ ճանապարներ կան՝ քաղաքականից մինչև մարդկային: Հետ կպահեի թե՛ այդ մարդկանց, ովքեր դա արդեցին և այսօր բանտերում չէին գտնվի, թե՛ կփրկեի բազմաթիվ մարդկանց կյանքը, թե՛ այսօր կունենայինք բացարձակ ուրիշ Հայաստան:
-Ո՞րն է եղել ամենահիշարժան ու կարևոր խորհուրդը, գուցե դասը, որ Ձեզ փոխանցել է Ձեր եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը:
-Առաջնայինը նրա հրաշալի եղբայր լինելն էր: Նա նաև հրաշալի որդի էր իմ ծնողների համար: Մի անգամ մի առիթով փոքր եղբորս հետ մի քիչ բարձր տոնով խոսեց, հաջորդ օրը սեղանին թուղթ էր գրել թողել ՝ «պա՛պ, մա՛մ, երեկ մի քիչ տաքացա: Կներեք, այլևս չի կրկնվի»: Եվ դա գրել էր մարդ, ով 39 տարեկան էր ու երկրի վարչապետ էր արդեն: Ինքը որդի էր, հրաշալի հայ էր ու հայրենասեր, այդ առումով բավարար է նաև լսել իր մահապարտների մարտակոչը համոզվելու համար, որ այս մարդը հայրենիքից բացի ուրիշ որևէ բան իր կրծքի տակ չունի, մնացածը ածանցյալ են այդ հայրենիքին, հետևաբար ես կարծում եմ, որ երկրները, պետությունները, հանրությունները պիտի ունենան իրենց համար հերոսների օրինակներ, որոնցով պիտի փորձեն դաստիարակել սերունդներին, իրենց զավակներին: Վազգենն ինձ համար այն հերոսն է, որին ես փորձում եմ իմ երեխաներին որպես օրինակ ցույց տալ և կարծում եմ՝ ինքը կարող է նաև դրական օրինակ լինել հանրային ընկալման մեջ ընդհանրապես:
-Դուք 2012 թ. ընտրվեցի ք ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով, սակայն հրաժարվեցիք մանդատից։ Հետաքրքիր է՝ երբևէ չե՞ք զղջացել այդ որոշման համար:
-Նախ ասեմ, որ ես 2003թ.-ին էլ եմ ընտրվել և հրաժարվել մանդատից: Երկու անգամ պատգամավոր ընտրվել եմ ու հրաժարվել, բաց չեմ փոշմանել դրա համար բացարձակ: Դա իր դրդապատճառներն ունի և այդ մասին ես բազմիցս ասել եմ: Նախ, ես ինքս օրենսդիրի մարդ չեմ իմ էությամբ, ես ավելի շատ արտադրող եմ, արդյունաբերող և իմ գիտակից կյանքի հիմնական ժամանակը եղել է Արարատի ցեմենտի գործարանում: Ես գիտեմ ՀՀ արդյունաբերության հզորությունները, ես դրանցով զբաղվելուց հաճույք եմ ստանում և հասկանում եմ, որ այս երկրում համար մեկ՝ աշխատատեղերի խնդիրը հնարավոր է լուծել միայն արդյունաբերության միջոցով՝ նկատի ունեմ թե՛ ծանր, թե՛ թեթև արդյունաբերությունը, իսկ մեր պարագայում նաև մետալուրգիան: Երկրորդ խնդիրը՝ ես չեմ պատկանում մարդկանց այն տեսակին, ովքեր քվեարկում են ուղղակի քվեարկելու համար ու դա որևէ արդյունք չի կարող տալ: Եթե ՀԱԿ-ը պատգամավորների թվով խորհրդարանում երրորդ-չորրորդ տեղն էր զբաղեցնում, ապա «Արդարություն» դաշինքի պարագայում դա երկրորդ տեղը գրաված խմբակցությունն էր, բայց միևնույնն է, բացարձակ մեկ է, թե «Հանրապետական» կուսակցությունը միայնակ է իր որոշումները անցկանցում, թե կոլաիցիա կազմելով: Այնպես, որ եթե քվեարկես-չքվեարկես, որևէ արդյունք չի տալու, անհեթեթեթ եմ համարում իմ ժամանակը ծախսել: Ես այդքան ժամանակ չունեմ, որ գնամ այնտեղ կոճակ սեղմեմ, տեսակետ ասեմ, որը ոչինչ չի տալու, դա ինձ համար չէ:
-Հե՞շտ տրվեց Ձեզ «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունների հետ խորհրդարանական ընտրություններում դաշինքով հանդես գալու որոշումը: Ո՞ր հատկություններն են հատկապես գնահատում Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի մեջ:
-Երիտասարդների հետ շփվում եմ հաճույքով, տարեցների հետ ավելի հեշտ է, իհարկե, բայց միշտ չէ, որ հաճելին ու հարմարավետը համընկնում են: Այս պարագայում, իհարկե, երեք կուսակցություններ են և առավելապես նոր ստեղծված կուսակցությունները ունենում են լուրջ ամբիցիաներ, իրենք նոր են կյանք մտնում, այնպես, ինչպես դպրոցն ավարտած շրջանավարտը՝ ամբողջ աշխարհը իր ոտքերի առաջ է: Իմ բնավորության մեջ էլ չի մտնում մարդկանց բացատրել, որ ահռելի աշխատանք ունես անելու, որ այդ աշխարհում ոտքիդ գոնե փոքր տեղն ունենաս: Իհարկե, յուրաքաչյուրն իր ինքնուրույնությունից որոշակի բան պիտի զիջի և այդ առումով հեշտ չի եղել: Բայց, բարեբախտաբար, ամեն մեկս մեր մասով կարողացանք մեր ունեցած նախնական մտատդրությունները կողքի դնել և ընդհանուր հայտարարի գալ, ինչը ողջունելի է:
Նիկոլ Փաշինյանը խոսող, անաչառ տեսակ է, շատ ճկուն է, հրաշալի թիմ ունի, երկար տարիներ աշխատել է լրագրական դաշտում և հրաշալի տիրապետում է լրագրողական աշխատանքին, դրա հնարքներին, մոտիվացիային, մոտեցումներին, ինչը քաղաքական գործընթացներում շատ կարևոր է: Էդմոն Մարուքյանը իրավաբան է, իրավագետ, խոսքի մարդ է, որևէ բառ ավել չի ասում, գիտի բառի գինը, ձևավավորել է է հաղթող թիմ՝ առանձին վերցված տեղամասում ունեցել է հաղթանակ, ինչը դրական օրինակ է: Էդմոնն ինձ համար իսկապես հայտնություն էր՝ այդ կերպի մեջ շատ քիչ գիտեի, շատ ուրախ եմ, որ ծանոթացա այդ մարդու հետ, որովհետև մոտեցումները իր շատ հետաքրքիր են: Այս փուլում մեր արած աշխատանքը ստեղծագործական աշխատանքի է նմանվում, մենք շատ-շատ ենք աշխատում: Ես կարծում եմ, որ հաղթում է նա, ով շատ է աշխատում: Երբ մենք տուն ենք գնում, թե՛ կառավարության, թե՛ նախագահականի լույսերը հանգցված են, իրենք հանգստանում եմ ու իրենք պարտվելու են, որովհետև մենք աշխատում ենք, իրենք քնած են:
-Երեք կուսակցությունների առաջնորդների միավորումը ի՞նչ դժվարություններ է առաջ բերում՝ խոսքն այս մասին է, թե ինչպե՞ս է որոշվելու՝ որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է գլխավորելու ցուցակը: Եվ արդյոք սա Ձեզ համար սկզբունքայի՞ն հարց է:
-Իհարկե, սկզբունքային չէ, որովհետև մենք չենք տեսնում, որ դա երկրի առաջին դեմքն է, որը ամբողջությամբ պիտի որոշի երկրի ճակատագիրը և միայն մի մարդու փոփոխությամբ հնարավոր է ամեն ինչ փոխել՝ անկախ նրանից, թե այդ մարդն ով է: Բայց նաև կարևոր է այդ մարդու ով լինելը, այն հանգամանքով, թե ինչքանով հանրային ընկալման մեջ այդ մարդը կունենա համախոհներ և ինչքանով կարող է իրականություն դարձնել այն ծրագրերը, ինչ ներառում է դաշինքը, ինչքանով այդ մարդու անհատականությունը օգտուտ կբերի դաշինքին, ինչքանով է այդ մարդը պատրաստ դեբատների ու այսպիսի բազմաթիվ հարցեր: Մաթեմատիկոսին բնորոշ ճշգրտությամբ պիտի դրվի պլյուսներն ու մինուսները, ընտրվի լավագույնին, որը բացարձակ պարտադիր չէ, որ կուսակության առաջին դեմքերը լինեն:
-Այսինքն Ձեր թեկնածությունը չլինելու դեպքում Ձեզ համար դա որևէ խնդիր չէ:
-Բացարձակ: Ես կարծում եմ, որ իմ թեկնածությունն էլ կհաշվարկվի այդ առավելությունների և թերությունների մեջ, ու եթե ես չլինեմ, լինեն ինձանից առավելները, ես դրանից ուրախ կլինեմ միայն, որովհետև ես նաև ընտանիքի մարդ եմ:
-Այս փուլում նաև շատ է խոսում այն մասին, որ ապագայում դաշինքը գուցե մեկ ընդհանուր կուսակցության վերածվի: Դուք տեսնո՞ւմ եք դրա հնարավորությունը:
-Այդ ամենը կախված է դաշինքի գրանցած կամ գրացնվելիք հաջողություններից: Իհարկե, ես հակված եմ, որ դաշինքն ունենա հաջողություններ ու եթե հակված եմ ու հավատում եմ դրան, ուրեմն տեսնում եմ, որ դա հնարավոր է: Դա կապված է նաև դաշինքի թիմային աշխատանքի հետ: Թիմերը պիտի իրար հետ աշխատեն, շփվեն ու եթե ընդհանուր լեզու են գտնում, միանշանակ դա դառնում է մի թիմ, որի ծնունդն էլ դառնում է դաշինքի հաջողությունը, որն էլ կարող է դառնալ մեկ կուսակցություն:
-Կա՞ մի բան, որ պարտադիր է Ձեր առօրյայում աշխատանքային ժամերից հետո:
Իհարկե, դա ընտանիքն է: Աշխատանքային ժամերից հետո որ ժամն ուզում է լինի, ես պիտի հետ գնամ ծնողներիս մոտ, տեսնեմ հորս, մորս՝ անկախ նրանից արթուն են, թե քնած, իմանամ ոնց են իրենք, ինչ են անում: Դրանից հետո երեխաներն են, կինս է, որ իմ կուրսեցին է եղել և ավելի շատ ընկերական հարաբերություններ են՝ անկախ նրանից, որ այսօր երեք երեխա ունենք (ծիծաղում է): Ինձ համար ամենակարևոր ու թանկ բանն ընտանիքն է:
-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:
Ամենից շատ շնորհակալ եմ Աստծուն: Շնորհակալ եմ ամեն օրվա համար՝ լուսաբացի մայրամուտի: Շնորհակալ եմ, որ ծնողներս իրենց այս տարիքում դեռ իմ կողքին եմ, որ ոչ միայն հոգս չեն պատճառում ինձ կամ իմ զավակներին, այլ դեռ հոգում են իմ ու իմ զավակների, ընտանիքի հոգսերը: Շնորհակալ եմ իմ ընկերներին, համախոհներին, համակիրներին, իմ ազգականերին ու բարեկամներին, որոնք էլի Աստծո կամքով, առանց նեղվելու ապրում են այս բարդ կյանքում: Որ առավոտները վատ լուրեր չեմ լսում, այս ամենի համար շնորհակալ եմ:
-Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները, ի՞նչ հետաքրքրություններ ունեն:
Երեխաներիցս մեծը տղաս է, որը իմ ու կնոջս նման նախընտրեց Պոլիտեխնիկական ինստիտուտը: Մասնագիտությամբ ինժեներ-շինարար է, մասնագիտացել է պատուհան-դռների արտադրության մեջ: Չէի ասի, որ գործերը լավ են, դժբախտաբար, Հայաստանում շատ չնչին մակարդակի շինարարական գործընթացներ են գնում ու անկախ այն ջանքերից ու չարչարանքից, այն աշխատանքից, ինչը ինքը անում է, ես էլի պիտի իրեն աջակցեմ, որպեսզի ինքը կարողանա այս կյանքում միջին մակարդակի կեցություն ապահովել: Ամուսնացած չէ, ընտրյալ չունի, բայց սրճարանների ու նման բաների համար նույնիսկ ինքն իր աշխատանքով, իր ունեցած սեփականությամբ չի հասցնում, ու սա գերլուրջ խնդիր է երկրի համար, որովհետև շատ-շատ ուրիշները, ովքեր իմ տղայի տարիքի են, այդ գումարները աշխատելու համար վերցնում են վարկով բանկերից: Ու եթե իմ տղային ես տալիս եմ այդ գումարը առանց տոկոսի, ես պատկերացնում եմ, թե այն մյուսները ինչ են դառնալու ու ինչ դրել են ոնց են կորցնելու, այդ կորցնելուց հետո ինչ ճանապարհ պիտի բռնեն , որ կարողանան փակեն դրանք: Դա ազգային լուրջ դժբախտություն է, ինչի մասին պետք է մտածել:
Երկրորդ երեխաս՝ միջնեկ աղջիկս, իմ հպարտութունն է, ով, միանշանակ, բարձրացնու մ է եղբորս՝ Վազգենի անունը, որովետև շատ-շատ լավ է սովորում: Այդ համալսարանում, որ հարցնում են՝ այս ով է այսքան լավ սովորող երեխան, անմիջապես ասում են՝ Վազգեն Սարգսյանի եղբոր աղջիկն է: Երրորդ երեխաս փոքր դուստրս է, ով, ինչպես ցանկացած տան մեջ, այնպես էլ մեզ մոտ, իմ ամենասիրելին է: Ծովինարն այս տարի է համալսարան ընդունվել՝ տուրիզմի և սպասարկան բաժինը: Մեր ընտանիքը տուրսիտական է, ամռան և ձմեռվա արձակուրդներին ես միշտ աշխատել եմ այնպես անել, որ հնարավորինս աշխարհը տեսնեն, ճանաչեն: Եվ այդ բոլոր գործընթացները՝սկսած օդանավի տոմսը գնելուց, ավարտած հյուրանցում համար պատվիրելով դեռ դպրոցական տարիքից կատարել է Ծովինարը:Նա, համեմատած մնացածի, լռակյաց է, ծով համբերութուն ունի, շատ-շատ ծովամթերք է սիրում՝ անվանը համահունչ (ժպտում է):
-Հոկտեմբերի 27-ից հետո շատ բաներ փոխվեցին անվերադարձ, այս տարիների ընթացքում երբ եք ամենից շատ զգացել Ձեր եղբոր կարիքը, ինչպես եք լրացնում նրա բացակայությունը:
Աշխարհում չկա որևէ մարդ, որ երբևէ մեկին կաողանա փոխարինել, ընդանրապես փոխարինվող մարդիկ չկան, բայց Աստված կյանքը ստեղծել է կյանքվ ու մահով ու շատ-շատ բարիքներ է տվել, ստեղծել է նաև սփոփելու ու սփոփվելու հնարավորություն: Իմ եղբայրը իր շրջապատի, ընկերների մոտ այնպիսի անուն, հեղինակություն ու վարկանիշ է թողել, որ առ այսօր ոչ միայն ինձ, այլև իմ ընկերներին , հարազատներին դեռ եղբորս անվան համար օգնում, օժանդակում են, ինչը ամեն անգամ լրացուցիչ հաճույք է պատճառում ինձ:
-Հետաքրքիր է՝ այժմ ի՞նչ հարաբերություններ ունեք Դուք և Ձեր ընտանիքը Սերժ Սարգսյանի հետ:
Եթե ընտանիք ասելով ի նկատի ունենք հորս ու մորս ընտանիքը, այդ ընտանիքում մարդիկ շատ տարբեր են և տարբեր հարաբերություններ ունեն: Հայրս, մայրս ապրում են Վազգենի տանը, այդ տունը իմ տունը չէ և այդ տան դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր Վազգենին իր ընկերն են համարում, նրա հետ ճափա են անցել: Ու Վազգենը մարդկային այն տեսակն էր, ում եթե մարդը մեկ-երկու անգամ բարևել էր, արդեն իր ընկերն է համարում, դա Վազգենի ամենամեծ առավելությունն էր ու իր ձեռքբերումների հիմնական մասը, իմ կարծիքով, դրանում է: Եվ այդ առումով մեր տան դռները բաց են եղել Հայաստանի բոլոր իշխանությունների համար: Ռոբերտ Քոչարյանը չի եկել, Սերժ Սարգսյանը մեկ-երկու անգամ տուն եկել է, բայց բացի տուն գալը, երբ ծնողներս ամռան ամիսներին Դիլիջանում զինվորական Լեռնային Հայաստան առողջարանում են եղել, այդ շրջանում այցելել են պետական տարբեր պաշտոնյաներ: Մշտապես բանակը հորս ու մորս տեղ է տրամադրել ու իրենք երբ ուզենան, կարող են այնտեղ հանգստանալ: Մեր տուն մշտապես այցելում է Գագիկ Հարությունյանը՝ ՍԴ նախագահը, որը եղբորս ընկերն է եղել: Ծնողներիս մշտապես հանդիպում էր նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը:
Սերժ Սարգսյանին փոքր եղբայրս ընդունում է որպես եղբոր ընկեր : Ինձ համար ինքը քաղաքական հակառակորդ է, ես երկրում եղած իրավիճակի պատասխանատվության ամենամեծ մասը տեսնում եմ նաև իր վրա, որովհետև թե՛ հոկտեմբերի 27-ից հետո, թե՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ ինքը շատ լուրջ ազդեցությունների ու հնարավորությունների տեր մարդ է եղել: Եվ քանի որ երկրում այսօրվա այս վիճակն է, 1999թ.-ից առ այսօր իրավիճակը, իմ գնահատմամբ, ոչ միայն չի լավացել, էլ ավելի ծանրացել է՝ արտագաղթը ոչ միայն չի պակասել, էլ ավելի ավելացել է , ոչ միայն երկրի նախկին պետական պարտքը չի վերականգնվել, այլ նաև վեցապատկվել է ու արդյունքում ոչ մի աշխատատեղ չի ստեղծվել, այս ամենի հիմնական մեղավորներից մեկը ինձ համար այսօր տեսնում եմ Սերժ Սարգսյանին և նրան վերաբերվում եմ, այդ առումով, որպես քաղաքական հակառակորդի: Նաև հոկտեմբերի 27-ի մասով՝ ինքը եղել է Ազգային անվտանգության նախարար, և այդ առումով բազմաթիվ հարցեր ունեմ իրեն, որոնց պատասխանները ինքը չի տվել : Եվ այդ հարցերը կան նաև հայ հանրության մոտ, որը վաղ թե ուշ դրա պատասխաններն ուզենալու է:
-Ո՞րն եք համարում Ձեր՝ վարչապետ եղած ժամանակահատվածում ամենակարևոր քայլն ու ամենաուժեղ կողմը:
-Իմ վարչապետությունը եղել է եղբորս չորսամսյա վարչապետության շարունակությունը: Մարդիկ կան, որոնք վարչապետի պաշտոնում եղել, են բայց իրենց գործը եղել է զուտ հաշվապահական, իսկ վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է և քաղաքական բոլոր ուղղություններով խնդիրների լուծում է պահանջում: Ես ինձ համարում եմ քաղաքական լուծումներ բերող մարդ՝ անկախ վարչապետ եղած ժամանակում, թե դրանից հետո, իսկ այդ մեխանիզմները հետևյալն են. նախ արտաքին քաղաքականություն: Այդ ժամանակ քննարկվում էր Մեղրիի տարբերակով Ղարաբաղի հիմնահարցի լուծումը, ինչին ես և նախկին ՊՆ Վաղարշակ Հարությունյանը դեմ ենք եղել և կարողացել ենք կասեցնել դա, դա նաև ընդունում են արդեն այսօր թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը: Նախկինում Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում էր, որ նման տարբերակ եղել է, բայց հետո Վարդան Օսկանյանը հարցազրույց տվեց ու ասաց, որ այո՛, եղել է այդպիսի տարբերակ ու իրենք դեմ են եղել: Երկրորդը՝ ներքաղաքական խնդիրներն են: Հայաստանում մեկ անգամ է ձևավորվել ագզային համաձայնության կառավարություն, երբ ԱԺ-ում ներգրավված բոլոր քաղաքական կուսակցությունները ունեցել են նախարարի մեկական պորտֆել:
Քանի որ հոկտեմբերի 27-ից հետո կար տոտալ անվստահություն, բողոքելու փոխարեն առաջարկել եմ, որ քաղաքական կուսակցությունները մասնակից դառնան կառավարման գործընթացին և փորձեն երկրի ներսում իրենք էլ իրենց չափով խնդիրներ լուծել: Իհարկե, այս հանգամանքը դուր չեկավ Հանրապետականին և ՀԺԿ-ին , որ իրենցից վերցնում ես, ուրիշ տեղ էլ ես տալիս և իրենք գնացին գործող իշխանության հետ գործարքի, ինչի արդյունքում էլ ներքաղաքական առումով ինձ ազատեցին: Այսինքն մարտավարութան առումով իմ քայլը սխալ էր, բայց ռազմավարության առումով ուզում են մնացած վարչապետները, թե չէ, միակ ազգային համաձայնության կառավարությունը, որը գործել է, եղել է իմ վարչապետության շրջանում: Մեծամտություն չհամարեք, բայց ես կարող եմ մրցել 6-10 տարով վարչապետ աշխատած ցանկացած մեկի հետ, որովհետև ես խնդիր եմ դրել արդյունաբերական համալիր աշխատեցնելու. այդ ժամանակ կանգնած էր Նաիրիտ գործարանը, Մեղրիի Ագարակի պղնձամոիբդենային կոմբինատը, որի վերագործարկումը Քաջարանի մոլիբդենի կոմբինատի աջակցությամբ մեկ շաբաթում եմ իրականցրել:
Նաև Ռոբերտ Քոչարյանի հետ հակադրության արդյունքում պարտավորվել եմ, որ եթեՆաիրիտը վնասով աշխատի, այդ փոխահատուցումն ու պատասխանատվությունը ամբողջությամբ իմ վրա է լինելու, վերագործարկել եմ նաև Նաիրիտը: Փորձել եմ նաև վերագործարկել Կիրովականի քիմիկիան կոմբինատը, գազի գնի իջեցման հետ կապված խնդիր կար, որի համար երկրորդ անգամ մեկնեցի Մոսկվա, բայց այստեղ էլ Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որ գինը իջեցվի որովհետև Մոսկվային ներկայացրել էր, որ եթե իմ վարչապետի այցով 55-ից իջեցնում եք 35-ի, իմ վարկանիշի կիջնի, միասին կայլեցենք և այլն… Իսկ այդ ընթացքում ուղղակի լեզու գտավ ներսի համապատախանն ուժերի հետ՝ նրանց խոստանալով ինչ պետք է, որ ազատվեն ինձանից: Չեմ կարող ասել, որ այդ քայլերը ամբոջությամբ իմ մտածածն էին , որովհետև կար թիմ, որը գործում էր և կար երկրորդ բանը, որ ամենահիմնականն էր: Եղբարս՝ Վազգենը, գրառումների մարդ էր, ինքը ամեն տարվա համար ուներ իր մեծ գիրքը և այդ գրքում ոչ միայն օրվա, այլ նաև տարվա համար նախատեսված ծրագրերը գրում էր: Այդ քայլերի հինական մասը, ինչ ես արել եմ, Վազգենի ծրագրերի մեջ էին մտնում, որ ինքը պիտի աներ հունվարից հետո: Ամեն անգամ, երբ իր գրածներից մեկը իրականություն էի դարձնւմ, ոչ միայն իմ ծրագրերի թղթում էր պլյուս դնում դիմացը, բացում էի իր գիրքը. այնտեղ էլ էի դնում ու աննկարագրլի հաճույք էի ստանում:
Մտքերը շարունակելով…
Իմ կյանքը … փառք Աստծո, շատ գոհ եմ իմ կյանքից ինչ Աստված պարգևել է ինձ: Պարգևել է շռայլությամբ, առ այսօր տալիս է առանց խնայելու՝ անկախ նրանից ինչքան եմ ես դրան աժանի, իսկ ես այդքանին արժանի չեմ, հաստատ:
Մի օր ես… ինքս ինձ ապացուցելու եմ, որ այն, ինչ անում եմ, հաջողություն ունենալու է:
Կյանքը մեկ օրում… ամեն օրվա կյանքն ինձ համար մեկ օրվա կյանք է:
Տարիների ընթացքում… մտածում էի, որ ծերանում եմ, ինչը տխուր է, բայց նաև հասկանում եմ, որ այնքան բան կար, որ չգիտեի ու դա ամեն տարին իր հետ բերում է :
Իմ օրերի մեջ… ուրախ ու երջանիկ օրերը անհամեմատ ավելի շատ են եղել, քան տխուր օրերը:
Կարինա Սահակյան
Տաթև Այվազյան
Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի և Արամ Սարգսյանի անձնական արխիվից