32-ամյա կին վարորդը շանը չհարվածելու պատճառով բախվել է ծառին, այն արմատախիլ արել և հայտնվել դաշտում


32-ամյա կին վարորդը շանը չհարվածելու պատճառով բախվել է ծառին, այն արմատախիլ արել և հայտնվել դաշտում
Հոկտեմբեր 30 15:05 2017

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Լուսինե Ղազարյանը Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 1ին կմ հատվածում իր վարած Volkswagen Vento մակնիշի 13 ՏՍ 605 համարանիշի ավտոմեքենայով դեպի Նոր Գեղի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին և հայտնվել դաշտում, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքում գործող «Նաիրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված խնձորի առևտրով զբաղվող մի քանի քաղաքացիներ ասում էին. «Վթարի պատճառը եղել է թափառող շան հայտնվելը ավտոմեքենայի առջևում, ու վարորդը, խույս տալով շանը, չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչի պատճառով տեղի է ունեցել վթարը»։