Հույս ունենք՝ 2027–ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան


Հույս ունենք՝ 2027–ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան
Նոյեմբեր 28 15:53 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը:

Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել խորհրդի անդամներին, նշել, որ նման ձևաչափով նիստ վաղուց տեղի չէր ունեցել և շնորհակալություն հայտնել այս ընթացքում ցուցաբերած աջակցության և պատրաստակամության համար։ «Բացելով Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը՝ ցանկանում եմ կարևորել այս ձևաչափով աշխատանքը, որովհետև այն ուղղված է հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանը և հուսալի ու անվտանգ շահագործմանն ուղղված մեր անելիքներին։ Մեր միջազգային գործընկերները բավական երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությանն ուղեկցում են այս կարևոր առաքելության մեջ, և մենք շատ բարձր ենք գնահատում նրանց աջակցությունը։

Ինչպես տեղյակ եք, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, և Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման համաձայն, այն երկարացվել է 10 տարով։ Այս ուղղությամբ կատարվել են բազմաթիվ տեխնիկական միջոցառումներ՝ նախապես պլանավորված ցանկի համաձայն, որն իրականացվել է ամբողջությամբ։

ՀԱԷԿ-ն առանձնահատուկ դեր ունի Հայաստանում անընդհատ էլեկտրաէներգիայի մատակարարման գործում՝ դրանով իսկ նպաստելով մեր երկրի էներգետիկ անվտանգությանը։ Դրանով պայմանավորված և ելնելով ատոմակայանների շահագործման ժամկետների երկարաձգման միջազգային փորձից՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշել է հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել երկրորդ անգամ՝ 2026 թվականից մինչև 2036 թվական՝ իրականացնելով պահանջված տեխնիկական միջոցառումների մի ամբողջ շարք, որի համար Կառավարությունը 2023 թվականի թիվ 395 Ա և թիվ 1597 Ա որոշումների հիման վրա Հայաստանի պետական բյուջեից հատկացրել է 160 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Աշխատանքների մոտ 60%-ն արդեն կատարված է, իսկ մնացած մասը գտնվում է կատարման գործընթացում։

Խիստ արդիական և օրակարգային է Հայաստանի Հանրապետությունում ունենալ նոր միջուկային էներգաբլոկ, որը կփոխարինի գործող էներգաբլոկին շահագործումից դուրս բերելուց հետո։ Դա միակ ճանապարհն է, որով մենք ապագայում ապահոված կլինենք մեր երկրի էներգետիկ անվտանգությունը։ Նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ տարվում են աշխատանքներ, և հույս ունենք, որ 2027 թվականին այդ հարցում կունենանք որոշակիություն»,-նշել է Փաշինյանը։