Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալու հնարավորությունը, եթե Սահմանադրության փոփոխությունների շուրջ քաղաքական գործընթացներն այդպիսի զարգացում ունենան։
Լրագրողների հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունը չհամաձայնի քվեարկել առաջարկվող սահմանադրական փոփոխությունների օգտին, և արդյո՞ք այդ դեպքում հնարավոր է արտահերթ ընտրությունների գնալ՝ Փաշինյանը պատասխանեց.
«Ոչ մի բան չի խանգարում արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալու սցենարին, բայց բացի ընդդիմությունից և առավել ևս ընդդիմությունից շատ կարևոր է հանրության հետ երկխոսությունը։
Եվ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի երկխոսության փորձն ընդդիմության հետ, հանրության հետ երկխոսություն իրականացնելու կարիք ունենք։
Երբ կունենանք այնպիսի նախագիծ, որը պատրաստ կլինի ուղարկվելու ԱԺ, կլինի քննարկում և քվեարկություն։ Քվեարկության արդյունքներով արդեն հետագա իրադարձության մասին կմտածենք»,- ասաց վարչապետը։










