Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»


Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
Նոյեմբեր 25 09:34 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր թիմակիցների հետ քննարկել է մայրաքաղաքի խցանումների դեմ պայքարի հերթական տարբերակը՝ Երևանի կենտրոնը Նոր Նորքի զանգվածին կապող ճոպանուղու կառուցման գաղափարը։

 

Սակայն այս պահին խոսքը դեռևս գաղափարի մասին է։ Հայտնի չէ՝ որտեղից որտեղ է անցնելու ճոպանուղին, քանի ուղևորի համար է նախատեսված լինելու, ինչ միջոցներով է կառուցվելու, որքան է արժենալու, և ամենակարևորը՝ չկա անգամ պատրաստի նախագիծ։

 

Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ փաստացի, քաղաքային իշխանությունը շրջանառության մեջ է դնում մի գաղափար, որի իրականացման մեխանիզմները դեռևս հստակ չեն։ Միայն ասում են՝ շրջանայինից պետք է մասիվ բարձրանա։

Իհարկե, Երևանի տրանսպորտային խնդիրների լուծման ցանկացած նոր տարբերակ քննարկման արժանի է, սակայն միայն գաղափարներ շրջանառելով՝ մայրաքաղաքի խցանումները չեն վերանա։ Քաղաքացիներին անհրաժեշտ են հստակ ժամկետներ, հաշվարկներ, ֆինանսավորման աղբյուրներ և իրագործելի ծրագրեր, այլ ոչ թե հերթական խոստումնալից քննարկումը։

Այս պատմությունը հիշեցնում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման մասին տարիներ շարունակ հնչող հայտարարությունները։ 2018 թվականից ի վեր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, մետրոյի նոր կայարանի թեման պարբերաբար հայտնվում է քաղաքական և հանրային օրակարգում, քննարկվում, խոստացվում, ներկայացվում որպես Երևանի զարգացման կարևոր ծրագիր, սակայն մինչ օրս կայարանը կառուցված չէ։

Հիմա էլ Երևանի կենտրոնը Նոր Նորքին կապող ճոպանուղու գաղափարն է հայտնվել օրակարգում։ Բայց երևանցիներին նոր գաղափարներից առավել անհրաժեշտ են վերջապես կյանքի կոչվող նախագծեր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։