Լարված իրավիճակ. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը սկսվեց և ընդմիջվեց


Լարված իրավիճակ. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը սկսվեց և ընդմիջվեց
Նոյեմբեր 20 11:25 2026

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը սկսվեց ու ընդմիջվեց 30 րոպեով։ 

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն առաջարկեց դատական նիստը հետաձգել կամ ընդմիջել, քանի որ կողքի նիստերի դահլիճում ունի մեկ այլ անհետաձգելի դատական նիստ, որը նշանակվել է առանց իրեն տեղեկացնելու։ 

Նույն նիստին պետք է մասնակցի նաև Ռ.Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։  Նա նշեց, որ այնտեղ չեն կարող հետաձգել, քանի որ այնտեղ արդեն իսկ կիրառված է սահմանափակում և այդ սահմանափակումը ուժի մեջ մնալ-չմնալու հարցն է քննարկվում։ 

Դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարեց, որ եթե Օրբելյանը չվերադառնա, նրա բացակայությունը կհամարվի անհարգելի, իսկ նման երկու դեպքից հետո պաշտպանը կհեռացվի վարույթից. «Կարող ենք առավելագույնն ընդմիջել, գնաք, այնտեղ հետաձգեք մինչև ժամը 15.00-ն։ Եթե հետ չգաք կամ եկաք ու ասացիք՝ չի լինում, ձեր բացակայությունն անհարգելի կհամարենք։ Նման երկու դեպքից հետո կհեռացվեք վարույթից»։

Ռոբերտ Քոչարյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հնարավոր է շարունակել նիստն առանց փաստաբան։

«Ասում եք՝ այնտեղ չեք համաձայնացվել, ասում եք՝ համաձայնեցված նիստը հետաձգենք, գնանք այնտեղ»,- ասաց դատավորը։ 

Փաստաբան Մ. Պողոսյանն արձագանքեց. «Գնացեք, այնտեղ ասեք»։ 

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։  Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել հոդվածը։

Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերին բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը: