Տնետուն են ընկել․ «Հրապարակ»


Տնետուն են ընկել․ «Հրապարակ»
Նոյեմբեր 13 10:07 2026

«Հրապարակ» թերթը գրում է. Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, սկսվել են հին ու ծանոթ ընտրական խաղերը: Մեր խմբագրություն ահազանգած սեւանցին հայտնեց, որ վերջին օրերին անհայտ անձինք շրջում են բնակարաններով ու առանձնատներով` ցուցակները ձեռքներին, եւ հետաքրքրվում, թե կոնկրետ ովքեր են բնակվում տվյալ հասցեում, գրանցված են, թե ոչ:

Մեր հարցին, թե ում անունից են ներկայանում այդ անձինք, քաղաքացին պատասխանեց` համայնքապետի թեկնածուների «մարդիկ են»։ Նշենք, որ, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրողների ցուցակների կազմումը, վարումն ու ճշգրտումը բացառապես պետական լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության գործառույթն են։ Որեւէ թեկնածուի նախընտրական շտաբ, վստահված անձ կամ քարոզիչ իրավունք չունի պետական մարմնի փոխարեն բնակարանային շրջայցեր կատարել ու պաշտոնական տվյալներ հավաքագրել այն մասին, թե ով է ապրում տվյալ հասցեում եւ ով՝ բացակայում: