«Մենք որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել։ Անտրամաբանական կլիներ, և մենք չէինք էլ կարող արգելել, որ երրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչը քվեարկի մեր թեկնածուի օգտին»,-այսօր նման հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը։
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզկենտրոնում համայնքապետ է ընտրվել նախկին ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, որը գլխավորում էր «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը։ Եղեգնաձորում ընտրելու իրավունք ուներ 24 677 մարդ, քվեարկությանը մասնակցել է 15 424 քաղաքացի։
Նրանցից 779-ը քվեարկել է «Նոր դարաշրջան» կուսակցության օգտին, 7 197-ը՝ «Հանրապետության» կուսակցության, 7 386-ը՝ «Քաղաքացիական պայմանագրի»։ Ավագանիում մեկ մանդատ ստացած «Նոր դարաշրջան»-ի ընտրական ցուցակը գլխավորող Մարտին Հարությունյանը, որը տարածված լուրերի համաձայն, Դ. Հարությունյանի ընկերոջ՝ Մելսիկի որդին է, քվեարկել Հարությունյանի օգտին։ Ավելի վաղ Մարտին Հարությունյանը հայտարարել էր, որ իրենք ընտրություններին մասնակցող միակ ընդդիմադիր ուժն են, պայքարելու են իշխանության ու իշխանամետ ուժի դեմ։ ՔՊ-ական թեկնածու, Եղեգնաձորի գործող համայնքապետ Հուսիկ Սահակյանն էլ հայտարարել էր, որ Մարտին Հարությունյանն ու Դավիթ Հարությունյանը պայմանավորվածություն ունեն, հաջողության դեպքում Մ. Հարությունյանը կդառնա փոխքաղաքապետ։
«Հանրապետություն» կուսակցությունից նշում են. «Թե ինչո՞վ է պայմանավորված եղել նրա այդ քվեարկությունը, նա արդեն իսկ մեկնաբանել է։ Մենք լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չենք տեսնում։ Շնորհավորում ենք Եղեգնաձոր համայնքի բնակիչներին և նորընտիր ավագանու անդամներին՝ մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք՝ ի շահ համայնքի և մեր պետության զարգացման ու բարեկեցության»։










