Ձուկ մականունով Դավիթ Առաքելյանն ու Ալեն Սիմոնյանը մատնեցին իրենց․ «Ժողովուրդ»


Ձուկ մականունով Դավիթ Առաքելյանն ու Ալեն Սիմոնյանը մատնեցին իրենց․ «Ժողովուրդ»
Նոյեմբեր 11 09:26 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ անդրադարձել էր Ազգային ժողովի աշխատակազմում տեղի ունեցող գործընթացներին՝ մասնավորապես ԱԺ վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ հարուցված ծառայողական վարույթին։ Մեր հրապարակման առանցքում եղել էր այն փաստը, որ ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել՝ Ռազմիկ Առաքելյանի հետ կապված մի շարք հարցեր ուսումնասիրելու և ծառայողական քննություն իրականացնելու վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ Ռազմիկ Առաքելյանը ԱԺ վարչատնտեսական վարչության պետն է, իսկ նրա պաշտոնավարման և նշանակումների մասին տեղեկությունները ևս հրապարակվել են մամուլում։

 

Մասնավորապես, ըստ առկա տեղեկությունների՝ 2023 և 2025 թվականներին նրա նշանակումները կատարվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրություններով։

 

 

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո տեղի ունեցավ բավականին ուշագրավ մի բան։ Իշխանական Civic.am-ը ԱԺ աշխատակազմից պարզաբանում խնդրեց, և ի պատասխան ստացավ մի ընդարձակ պարզաբանում, որտեղ նշվում են մտքեր, որ «Ժողովուրդ» օրաթերթը չի հրապարակել: Հանկարծ ԱԺ-ից պարզաբանել են, թե Ռազմիկ Առաքելյանը Ալեն Սիմոնյանի, աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Առաքելյանի հովանավորյալը չէ: Մինչդեռ նման բառ «Ժողովուրդ» օրաթերթում չի հրապարակվել: Իսկ Ձուկ մականունով Դավիթ Առաքելյանի անունն ընդհանրապես չէինք հրապարակել։

Մենք ընդամենը արձանագրել ենք պաշտոնական նշանակումների վերաբերյալ տեղեկությունները՝ նշելով, որ այդ նշանակումները կատարվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրություններով։

 

Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Ի՞նչն է ստիպել ԱԺ աշխատակազմին «Ժողովուրդ»-ի հրապարակմանն արձագանքել բոլորովին այլ թեմայով և մեզ վերագրել բաներ, որոնք չկան տեքստում. ով է ստիպել նրանց։ Ինչո՞ւ ծառայողական քննության մասին հրապարակումը ինչու հանկարծ վերածվեց Ալեն Սիմոնյանի և Դավիթ Առաքելյանի հետ Ռազմիկ Առաքելյանի ենթադրյալ կապերը հերքելու առիթի։

Առավել ուշագրավ է, որ այս պարզաբանման մեջ որևէ հստակ պատասխան չկա մեր հրապարակման հիմնական հարցին՝ ի՞նչն է Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու պատճառը, ի՞նչ հանգամանքներ են ուսումնասիրվում, և արդյոք քննության առարկա դարձած տեղեկատվական արտահոսքի վերաբերյալ տեղեկությունները հերքվո՞ւմ են, թե՞ ոչ։

 

Այսպիսի արձագանքը, մեղմ ասած, տարակուսելի է։ Երբ լրատվամիջոցը հարցեր է բարձրացնում պետական կառույցում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, հանրությունը ակնկալում է ստանալ հստակ պատասխաններ, այլ ոչ թե հերքումներ՝ լրատվամիջոցի կողմից չարված պնդումների վերաբերյալ։

Թերևս կարելի է հասկանալ, որ ՔՊ ներսում ներիշխանական ինտրիգների ու բախումների հերթական առիթն է դարձել մեր հրապարակումը, և Ալեն Սիմոնյանը փորձում է իրեն մաքրել այն իմիջից, որ «տակից» գործում է ԱԺ նախագահի դեմ և ունի մարդիկ ԱԺ-ում, որոնք թաքուն ինֆորմացիաներ են դուրս հանում այդ հաստատությունից, որոնք կարող են օգտագործվել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։